ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի արցախցիներ, այսօր ՀՀ կառավարության նիստում հնչեց Արցախի էթնոցիդի ծրագիրը, որը պլանավորում է իրագործել ադրբեջանի իշխանությունը: Մի՛ զարմացեք, որ այն հնչում է Հայաստանի կառավարության շենքից, դա արդեն դարձել է ՀՀ իշխանության քաղաքական վարքաբանության անքակտելի բաղադրիչ. արդեն երկու տարուց ավել թուրք-ադրբեջանական ծրագրերի ու նպատակների մասին մենք տեղեկանում ենք կա՛մ ՀՀ ԱԺ, կա՛մ կառավարության նիստերի ելույթներից: Թշնամուն հաղթելու և նրա պլանները տապալելու ՄԻԱԿ ձևը Արցախում ապրելն ու մաքառելն է, ոչ մի պարագայում թևաթափ ու հուսահատ չլինելն է: Մենք արդեն անցել ենք այդ դժվարությունների միջով, որով այսօր անցնում է Արցախցին. ցուրտ ու մութ տարիներ, շրջափակում, կտրոնով ապրանքներ, պայթեցված գազատար: Բայց մենք դիմացանք, չհուսահատվեցինք, ապրեցինք մեր հողի վրա, մեր տանը, կռվեցինք ու հաղթեցինք: Հիմա նույն բանը թշնամին անում է ձեր հետ և հետապնդում է նույն նպատակը. կոտրել Հայի ոգին, ստիպել նրան թողնել իր հայրենիքը, լքել իր տունը ու բռնել գաղթի ճանապարհը: Չենք կարող կոտրվել, հուսահատվել, թշնամուն թողել տասնյակ հազարավոր հայորդիների արյունով լցված հողը, մեր պապերի ու հայրերի քրտինքով կառուցված քաղաքները, գյուղերը: Մենք դրա համար չենք անցել անմարդկային զրկանքների, կորուստների միջով: Դիմացեք Հայեր, հաղթանակը հեռու չէ, միայն մեր տանը ապրելով ու պայքարելով ենք հաղթելու քոչվոր ցեղախմբին»: |