ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
11:18, 27.01.2023 | mamul.am
2579 | 0

«Երաժշտության մեջ գտնվելը իմ ապրելու լավագույն պահն է». Տիգրան Մանսուրյան

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է:

Ծնվել է 1939թ. հունվարի 27-ին, Բեյրութում: Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի եղբայրն է: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1950թ-ից հաստատվել է Երևանում: 1956-60թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի Էդուարդ Բաղդասարյանի, 1960-65թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարաններում: 1967թ. ավարտել է նաև ասպիրանտուրան և նույն թվականից ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում (1986թ-ից՝ պրոֆեսոր): Արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին մրցանակին (1966թ., 1968թ.): Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: Գրել է ֆիլմերի համար բազմաթիվ երաժշտություններ` «Նռան գույնը» (1968թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Վերադարձ» (1972թ.), «Սգավոր ձյունը» (1978թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Գիքոր» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.) և այլն: Նրա կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Նյու Յորքում, Վարշավայում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգային ծրագիրը:

Համերգից առաջ կցուցադրվի ֆիլմ` նվիրված մաեստրոյի կյանքին և ստեղծագործական գործունեությանը:

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր