ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Առաջարկվում է կանոնակարգել շրջիկ երաժիշտների գործունեությունը. կսահմանվեն տույժեր
16:06, 27.01.2023 | mamul.am
2601 | 2

Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում՝ փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում և այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, նկարողներին, երգող-պարողներին և նմանատիպ գործունեություն իրականացնողներին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովում քննարկման ներկայացնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է, որ Երևանում և համայնքներում այսուհետև այդպիսի գործունեության իրականացման պայմաններն ու պահանջները սահմանեն համայնքների ավագանիները: Այսինքն՝ կախված համայնքի կամ բնակավայրի առանձնահատկություններից՝ սահմանվեն կանոններ և վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժեր: Առաջարկվում է սահմանել տույժ՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ կրկնվելու դեպքում՝ 200-ապատիկի չափով: Նախատեսվում է նաև անձնական սեփականության գործիքների բռնագանձում: Ըստ փոխնախարարի՝ այս խնդիրը միշտ եղել է, սակայն վերջերս, կապված տուրիստական ակտիվ հոսքի հետ, գործունեություն են ծավալում մարդիկ, որոնց աշխատանքը չի կանոնակարգվում: Այդպիսի վայրերից են Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը, Գառնու տաճարի հարակից հատվածը, Գեղարդի տաճարի մուտքը, Գյումրիի հրապարակի հարակից տարածքները և այլն: «Մինչև ուշ գիշեր ականատես ենք լինում անհասկանալի տպավորություն ձևավորող բաների, էլ չասած՝ տեսքի ու ճաշակի»,- ասել է Վաչե Տերտերյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Առաջարկվում է կանոնակարգել շրջիկ երաժիշտների գործունեությունը. կսահմանվեն տույժեր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր