ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Առաջինը մե՛նք մեր գործը պետք է անենք, հետո նոր օգնություն ակնկալենք»․ Ռուբեն Վարդանյան
21:30, 27.01.2023 | mamul.am
3239 | 1

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի և Մուշկապատ համայնքներում:

Պետնախարարին ուղեկցել են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի ‹‹Ազատ Հայրենիք - ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ ԱԻՊԾ ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը:

Հանդիպումների ընթացքում պետնախարարը խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակի, դրա ազդեցության մասին, ներկայացրել է Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապաշրջափական ուղղությամբ տարբեր ոլորտներում ու ասպարեզներում իրականացվող քայլերը:

Հանդիպումների մասնակից մարտունեցիների հարցերն առավելապես վերաբերել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, երկրի անվտանգությանն ու ապագային: Պատասխանելով հարցերին՝ Ռուբեն Վարդանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իր համար հստակ է, որ այս իրավիճակում հնարավոր բոլոր միջոցներով ու գործիքներով պետք է շարունակել պայքարել. «Պայքար չի նշանակում պատերազմ։ Պայքարել նշանակում է, որ մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը։ Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»։

Նա հիշեցրել է, որ միջազգային կարևոր դերակատարները ևս հայտարարել են, որ Արցախի հարցը փակված չէ: Պատասխանելով օգնության ակնկալիքների մասին հարցին՝ պետնախարարն ասել է, որ պետք չէ որևէ մեկի վրա հույս դնել և ձեռքերը ծալած նստել. «Առաջինը մե՛նք մեր գործը պետք է անենք, հետո նոր օգնություն ակնկալենք: Եթե ոչինչ չես անում, միայն հույս ես դնում ուրիշի վրա, ոչինչ չի ստացվի, բայց եթե պայքարում ես ու գործ ես անում, բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվում»:

Հանդիպումների մասնակից մարտունեցիները նշել են, որ պաշտպանում են այդ տեսակետը և ոչ մի իրավիճակում չեն պատրաստվում հեռանալ հայրենիքից ու լքել իրենց տունը:

Հանդիպմանը խոսվել է նաև մի շարք այլ հարցերի մասին: Պետնախարարը նշել է, որ այս իրավիճակում շատ կարևոր է պահպանել բնակչության հետ հետադարձ կապը, ուստի Օպերատիվ շտաբի մյուս անդամները, Ազգային ժողովի պատգամավորները նույնպես հանդիպումներ են ունենում համայնքներում:

ի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր