«Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնության ենթարկված որդեկորույս ծնողները հանդիպում են կարմիր բերետավորների հրամանատարի հետ: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սա վերջին առերեսումն է, որին ծնողները մասնակցելու են. «Այս դիրքորոշումը բխում է առերեսումների բովանդակությունից. Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, առերեսումը կատարվում է անձանց միջև այն դեպքում, երբ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ կոնկրետ դեպքի կամ իրադարձության վերաբերյալ, սակայն մենք տեսանք, որ այդպիսի հակասություններ ծնողների և ոստիկանների ցուցմունքներում առկա չեն: Ծնողները նշում են, որ իրենց օրինական պահանջ ներկայացված չի եղել, բերման են ենթարկվել անօրինական կերպով, բռնի ուժ կիրառելու միջոցով, ոստիկանները չեն հերքում դա, հետևաբար՝ առերեսումներ պետք է կատարվեն ոստիկաների, տարբեր ծառայությունների աշխատակինցերի, հրամանատարական կազմի միջև, քանի որ նրանց ցուցմունքներում են առկա էական հակասություններ»,- մանրամասնել է փաստաբանը: Հիշեցնենք՝ ոստիկանները բռնի ուժով զոհվածների ու անհետ կորածների մայրերին, հարազատներին բերման էին ենթարկել «Եռաբլուր»-ից՝ վարչապետ Փաշինյանի համար ճանապարհ բացելու նպատակով։ |