ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.17, EUR 418.91, RUB 5.04, GBP 476.94
+7 °C, +7 °C ... +17 °C Վաղը`+19 °C
Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանել է Ադրբեջանի կեղծ պնդումներին
21:30, 31.01.2023 | mamul.am
2970 | 0

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանել է Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ Բաքուն հավաքել է այդ ականները ՀՀ ինքնիշխան տարածքից:
«Հայաստանն իր ինքնիշխան տարածքում ականներ տեղադրել է զուտ պաշտպանական նպատակներով, արել դա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները: Հայաստանն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղադրում՝ հատկապես քաղաքացիական տարածքներում և չի փորձում ռասայական հիմքով թիրախավորել քաղաքացիներին: Ադրբեջանն այն ականները, որոնց վերաբերյալ բողոքում է, հավաքել է Հայաստանի ինքնիշխան տարածքից, որոնք Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են 2021-2022 թվականներին: Ուստի, Ադրբեջանը փորձում է իր անօրինական ագրեսիայի գործողություններից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ ապացուցողական բազա ձևավորել իր միջնորդությունը հիմնավորելու համար: Այս միջնորդությունը զուրկ է հիմքերից: Ես հուսով եմ, որ դատարանը Ադրբեջանին թույլ չի տա դատարանի վարույթը չարաշահել՝ փորձ անելով իր իսկ կատարած անօրինական գործողությունների հետևանքներից օգտվել»,- ասել է Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահանջը հերթական ակնհայտ փորձն է ուշադրությունը շեղելու իր չարագործություններից: Կիրակոսյանն ընդգծեց՝ Ադրբեջանն իր միջնորդությունը ներկայացրել է Հայաստանի միջնորդությունից ընդամենը 6 օր անց, չնայած այն փաստին, որ իր ենթադրյալ ապացույցների մեծ մասն ամիսներ շարունակ իր տնօրինության տակ են:
Հունվարի 30-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում կայացել են Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի լսումները:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր