ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նույն ձեռագիրն ենք տեսնում մեր որդու և 15 զինվորների մահվան պարագայում»․ հրդեհից մահացած Պալյան Պողոսյանի ծնողներ
22:30, 31.01.2023 | mamul.am
4297 | 0

Սիսիանի դիրքերում՝ 3700 մետր բարձրության վրա, որպես զորամաս տեղակայված վագոն-տնակում վեց ամիս առաջ հրդեհից զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող, Ազատան գյուղի բնակիչ Պալյան Պողոսյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանը, երեք օր ժամանակ էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հետ հանդիպելու ու իր «ինչուների» պատասխանը լսելու համար, սակայն այդպես էլ ոչ մի արձագանք չի ստացել։

Հիշեցնենք, ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 17-ի գիշերը քնած ժամանակ։ Զինծառայողը վառարանից բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել, ինչի հետևանքով հուլիսի 26-ին մահացել էր։ «Առավոտ»-ը գրում է, որ Պալյան Պողոսյանն առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, նա վարորդ է եղել։ Ծնողների ասելով, երկու օր էր՝ ինչ բարձրացել էր դիրքեր ու այս դեպքը տեղի էր ունեցել։

Նա զինվորական կյանքի մասին կես բառ անգամ չի պատմել ծնողներին, նույնիսկ չի ասել, որ դիրքեր են բարձրանում։ Ծնողները դժգոհում են, որ այս վեց ամիսների ընթացքում իրենց հուզող և ոչ մի հարցի պատասխան չեն ստացել, քրեական գործը տեղից չի շարժվում, ոչ մի մեղադրյալ չկա, նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացել։ Նրանք ցույց են տալիս որդու մահվան վկայականը, որտեղ նույնիսկ չի հիշատակվում, թե ինչից է մահացել երիտասարդ զինծառայողը (տես փաստաթղթում)։

Ծնողները նեղվում են, թե երկրի վերնախավն այնպիսի դիրք է բռնել, կարծես այդպես էլ պիտի լիներ, զինվոր են ուղարկել բանակ, պարտադիր պիտի զոհվեր։ Քար անտարբերությունը հունից հանում է նրանց։ Նրանք նույնիսկ հստակ չգիտեն, թե ինչ է իրականում կատարվել վագոն-տնակում, ինչի՞ց է բռնկվել հրդեհը՝ բենզին են վառե՞լ, թե՞ քարածուխ, միտումնավո՞ր է այս ամենը, թե՞ դժբախտ պատահար։ Դեպքի մասին միայն վարկածներ են լսել։

«Գիտեք ինչն է ցավալի, քո վիշտն է, քեզ թողնում են քո ցավի հետ մենակ։ Տառապի՛, էդպես էլ պիտի լիներ։ Հեռուստատեսությամբ լսեցի՝ ծնողներից մեկն ասում էր՝ ուղարկում ենք մեր որդիներին, չգիտենք ուր են ուղարկում։ Այդ ծնողի նման ես էլ չեմ իմացել՝ ուր եմ ուղարկում, հակառակ դեպքում տունս կծախեի, վրանի մեջ կապրեի, բայց պետությանը զինվոր չէի տա։ Եթե Պալյանս մի օր զինկոմ չներկայանար, հաջորդ օրը տանս դռները կջարդեին, բայց վեց ամիս ոչ մեկը չի եկել ասի, Պալյանի՛ ծնողներ, մեռե՞լ եք, թե՞ սաղ եք, շնչո՞ւմ եք դեռ»,- վրդովվում է հրդեհից զոհված զինծառայողի մայրը՝ Գալինա Այվազյանը։

Ըստ նրա, վերջին ողբերգական դեպքը, որից 15 զինծառայողներ զոհվեցին, վերջինը չի լինի, եթե շարունակեն մարդկային կյանքի նկատմամբ այսպիսի անտարբերություն ցուցաբերել։ «Մարել եք իմ տան ծուխը, էդ ծնողը երեխա է պահում, մեծացնում, որ տանեք կրակի բաժին դարձնե՞ք»,-հարցնում է մայրը։ Հայրը՝ Ջիվան Պողոսյանն էլ ասում է, որ վեց ամիս շարունակ բարձրաձայնել է, որ զորամասերը կահավորեն, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն, սակայն լսող չի եղել։ «Ես վեց ամիս ասել եմ՝ պոստերը կահավորեք։ Ես նմանություն տեսնում եմ 15 զինվորի ու իմ որդու մահվան միջև։ Ժամերը համընկնում են, դռան փակվելն է զուգադիպում, հետո, ինչո՞ւ է հրդեհը բռնկվում հենց տղաների քնած ժամանակ, կամ ո՞ւր է արթուն հերթափոխը, ի՞նչ են անում, եթե հրդեհը չեն կարող մարել։ Եթե անգամ չեն կարող մարել, գոնե քնած երեխեքին ձեն տան, թե ելեք, հրդեհ է, թողնում են շնչահեղձ լինեն, նոր արթնացնե՞ն»:

Հայրը մղկտում է, որ նույնիսկ հիվանդանոցում դեղերը ժամանակին չեն տրամադրել որդուն, պատշաճ բժշկական օգնություն չեն ցուցաբերել, դեղատներից դեղատուն են ընկել, որ դեղերը ճարեն, երբեմն դրանք չեն եղել, ժամերով սպասել են։ «10 օր հիվանդանոցի դռան դիմաց ենք անցկացրել, դժոխքի ճանապարհն ենք անցել։ Պարզ է, որ զորանոցները կահավորված չեն, հող ու ջրով են կրակը մարել։ Ասում են, թե Պալյանենցս պոստում էլ են բենզին օգտագործել, բայց ես կասկածների մեջ եմ ընկնում, թե դա էլ է սուտ։ Պալյանս էդ ժամին քնած է եղել, ինքը չգիտի՝ ինչից է բռնկվել հրդեհը։ Իրենք ութ հոգի են եղել, երեք հոգին այրված են եղել, մնացածը դիրքերում են եղել, առ այսօր մենք չենք կարող իրենց հետ կապ հաստատել, որ գոնե իմանանք՝ ինչից է եղել այս ամենը, ոչ մի տեղեկություն։

Առավել մանրամասն՝ տեսանյութերում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր