ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Ինչո՞ւ մենք չենք կարող ճնշում գործադրել, որպեսզի այդ սարսափելի ողբերգությունը լուծումներ ստանա»․ բրիտանացի պատգամավոր
12:42, 01.02.2023 | mamul.am
3420 | 0

Հարկավոր է ճնշում գործադրել հայ ռազմագերիների սպանությունների անկախ հետաքննության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հարցուպատասխանի ժամանակ նման խնդիր բարձրացրեց պատգամավոր Ռուփա Հաքը:

Նախքան պատգամավորի ելույթը Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գործողությունների մասին խոսեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին:

«Մենք ձգտում ենք բանակցություններին վերադառնալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ հունվարի 18-ին՝ կապված հումանիտար իրավիճակի հետ: Երեկ ես հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանի հետ և շեշտել Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը», - ասաց Լեո Դոքերթին:

Նա նաև հավելեց, որ Start Fund հիմնադրամը, որի կարևոր դոնորներից մեկը Միացյալ Թագավորությունն է, 350 հազար ֆունտ ստեռլինգ է հավաքագրել ստեղծված իրավիճակից տուժածներին աջակցություն տրամադրելու համար:

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Ռուփա Հաքը նշեց, որ բավարար գործողություններ չեն ձեռնարկվում Ադրբեջանին պատասխանատվություն ենթարկելու ուղղությամբ:

«Այս շրջափակումը շարունակվում է 50 օր: Դրա հետևանքով երեխաները թերսնման վտանգի առաջ են կանգնած, քանի որ նրանց չի հասնում բավարար քանակությամբ սնունդ և դեղորայք: Մենք նաև տեսել ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղում արձանագրել են արտադատական սպանություններ, պահվող անձանց նկատմամբ ոտնձգություններ», - ասաց Ռուփա Հաքը:

Պատգամավորը նաև վրդովմունքով հիշեցրեց, որ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը վերջերս ակնկալիք էր հայտնել, որ Ադրբեջանի դատախազության հետաքննությունը նշանակալի արդյունքներ կտա:

«Ինչո՞ւ մենք չենք կարող ճնշում գործադրել, որպեսզի այդ սարսափելի ողբերգությունը միջազգային անկախ լուծումներ ստանա», - եզրափակեց խոսքը պատգամավորը:

Ի պատասխան՝ Լեո Դոքերթին դարձյալ կրկնեց, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է վերադարձ բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորում, ինչը նա կշեշտի առաջիկա ամիսներին տարածաշրջան նախատեսված այցի ժամանակ:

«Ինչո՞ւ մենք չենք կարող ճնշում գործադրել, որպեսզի այդ սարսափելի ողբերգությունը լուծումներ ստանա»․ բրիտանացի պատգամավոր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր