ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Մարգարայի կամրջից նմուշառում է արվել. ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը. «Ժողովուրդ»
09:36, 02.02.2023 | mamul.am
5692 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը 2022 թվականի դեկտեմբերին հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ:

Տեղեկացանք, որ իրականացվել է նաև Մարգարայի կամուրջի նմուշառում: Տեղեկացանք նաև, որ աշխատանքային խմբի անդամները դեկտեմբերին երկու հանդիպում են ունեցել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար:

Խոսքը, մասնավորապես, 2022 թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի ու Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է: Այդ հանդիպման ժամանակ որոշվել էր հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը:

Ինչպես գրել էինք, չնայած հունվարի 1-ից այդ արգելքը վերացվել է, սակայն, ինչպես հայտնել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, դեռ գործընթացը չի մեկնարկել: Գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել դեկտեմբեր ամսին, և ինչ փուլում է գտնվում հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ԱԳՆ լրատվության և դիվանագիտության վարչությունից պատասխանել են. «ՀՀ-ի եւ Թուրքիայի միջև աշխատանքային խմբերի մակարդակով տեղի է ունենում հուլիսի 1-ի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթաց: Այդ համատեքստում իրականացվել է նաև Մարգարայի կամրջի նմուշառում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր