ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
25 տարի առաջ այս օրը հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը
12:42, 03.02.2023 | mamul.am
4451 | 1

1998թ․ փետրվարի 3-ին հրաժարական տվեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը․ հաջորդ օրն ԱԺ-ն ընդունեց Տեր-Պետրոսյանի հրաժարականը։

Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստը

Սիրելի հայրենակիցներ, իշխանության՝ ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։

Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը:

Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն։

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր:

Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ։ Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը։

Նոր նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի։

Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին։

Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր։

Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը»:

25 տարի առաջ այս օրը հրաժարական տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր