ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Փաշինյանի ելույթը՝ Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը
14:42, 06.02.2023 | mamul.am
1817 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը: «Շատ կարևոր օր է այսօր, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ՍԴ նախագահին, որ այսօր նախաձեռնել է այս հանդիպումը, որպեսզի այս խոսակցությունը տեղի ունենա: Որովհետև մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ բոլորիս հայտնի, բոլորիս հուզող և անհանգստացնող հանրահայտ մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Այդ արձագանքի ասիմետրիկ բնույթը պետք է արտահայտվի առաջին հերթին մեր պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ: Որովհետև մեծ հաշվով, այսօր մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել երկու մասի. խնդիրներ, որոնք թույլ չեն տվել կայանալ պետական ինստիտուտներին և խնդիրներ, որոնք առաջացել են ինստիտուտների կայացած չլինելու պատճառով: Եվ, ըստ էության, այս երկու եզրագծի ներսում են տեղավորվում մեր օրակարգային բոլոր հարցերը: Այս առումով, Սահմանադրական արդարադատության դերը շատ դժվար է գերագնահատել:

Սահմանադրական արդարադատությունը կարևոր է ոչ միայն իրավիճակները հաղթահարելու, ոչ միայն առաջացած փակուղային իրադրություններից ելք ցույց տալու և ելք հարթելու համար, այլև շատ կարևոր է, որ Սահմանադրական արդարադատությունը ձևավորի մտածողություն, որն իր բնույթով ինստիտուցիոնալ է, պետական է: Սա եմ համարում Սահմանադրական արդարադատության կարևորագույն գործառույթներից մեկը, ընհանրապես, դատական համակարգի և բոլոր ինստիտուտների, որովհետև ի վերջո մենք չունենալով անկախ պետություն, ունեցել ենք որոշակի մտածողություն: Այն պահից, երբ ձեռք ենք բերել անկախություն և պետականություն, մեր բոլոր ինստիտուտների կարևորագույն գործառույթը, բացի առօրյա օպերատիվ հարցերը լուծելուց, պիտի լինի այդ մտածողության տրանսֆորմացիան ապահովելը:

Այդ տրանսֆորմացիան, իհարկե, Սահմանադրական արդարադատության դերը չափազանց կարևոր է և հույս ունեմ նաև, որ այսօրվա մեր հանդիպումը, քննարկումը և համատեքստն ունի հենց այս նշանակությունը, որը պիտի արտահայտվի նաև ոչ միայն մեր գործողություններում, այլև լեզվամտածողության մեջ:

Վերջերս մի քննարկման ժամանակ, որը վերաբերվում էր պետությանը և նրա մտածողությանը, ընդհուպ խոսակցությունների, բանավեճերի և քննարկումների մակարդակում առիթ ունեցանք առերեսվել, որ մինչև այսօր մեր իրականության մեջ լուծված չէ ազգ և ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը, մինչդեռ կարծում եմ, մեր Սահմանադրությունը շատ հստակ տվել է այդ տրամաբանությունը, որովհետև ժողովուրդը պետականաստեղծ միավորն է, պետականաստեղծ ինստիտուտն է, ազգի հատկանիշները մի փոքր այլ են, որը շատ ուղիղ կարող է նաև կապված չլինել պետության, պետական ինստիտուտների հետ: Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունող մարմնի մասին է: Սահմանադիր ասելով նկատի է առնվում ժողովուրդը և հենց մեր Սահմանադրության նախաբանում էլ սա է արտահայտված:

Նաև Սահմանադրական արդարադատությունը պիտի հասանելի լինի, այո՛, ոչ միայն որպես գործնական կիրարկման, այլև որպես հետազոտվող նյութ, որպես ընթերցման նյութ: Երբ ժամանակ առ ժամանակ արվում է աշխատանքի ամփոփում, չափազանց կարևոր է, որ արված աշխատանքը հասանելի է դարձվում և՛ համացանցային տիրույթում, և՛ հրատարակվում է տպագիր եղանակով: Իհարկե, նաև համոզված եմ, որ հետագայում ուսանողները, հետազոտողները շատ հետաքրքիր տեղեկատվություն կգտնեն այդ հետազոտությունների մեջ, որն իմ ասած պետական մտածողության ձևավորման շղթայում շատ կարևոր մի օղակ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր