ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է
17:00, 07.02.2023 | mamul.am
3521 | 3

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նա տեղեկացրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Գուրգեն Արսենյանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ կացին և մեկ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Գ․ Արսենյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թվով 1 հատ դանակի և թվով երկու հատ կացինների՝ սառը զենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար նշանակվել է քրեագիտական փորձաքննություն։

Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն և սառը զենք չեն հանդիսանում։

Իսկ դանակը պատրաստված է գործարանային եղանակով, հանդիսանում է խոհանոցային դանակ և սառը զենք չի հանդիսանում:

Հաշվի առնելով, որ Գ․ Արսենյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները՝ կայացվել է քրեական վարույթը կարճելու որոշում»,- ասել է Աբրահամյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր