«Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պլանավորված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հերթական քննարկմանը մենք հարմար չգտանք մասնակցելու` ելնելով Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։ «Միևնույն է, չմասնակցելով հանդերձ, մենք փոխանցել ենք մեր առաջարկները Բաքվին` հեռավար կարգով։ Եվ ահա մոտ 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի պատասխանը ու հիմա քննարկման փուլում ենք»,– նշել է Արարատ Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրել է, որ բանակցային գործընթացը կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել և ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով։ |