ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ինչ ցուցմունք են տվել Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը Սեյրան Օհանյանի գործով
00:42, 09.02.2023 | mamul.am
8093 | 0

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական գործով ցուցմունքներ են տվել նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն, ԱԺ-ում ներկայացնելով Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը, ասել էր, թե նախկին նախարարի կողմից հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով, և թվարկել, թե ովքեր են ցուցմունքներ տվել Սեյրան Օհանյանի գործով։ Նախկին պաշտոնյաների թվում են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Radar Armenia-ն ներկայացնում է, թե Սեյրան Օհանյանի գործով ինչ ցուցմունք են տվել Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի ցուցմունքում ասվում է, որ տեղյակ է եղել է ՊՆ կողմից «Դողագործ» ընկերությունը գնելու և հետագայում այն «Գլենդել Հիլզ» ընկերությանն օտարելու մասին: Մինչ այդ «Դողագործ», այնուհետ՝ վերակազմակերպված «Ջեներալ Տրանսուորլդ ՄՔ» ՓԲԸ-ն դիմել է Լոնդոնի արբիտրաժային դատարան և Հայաստանից «աստղաբաշխական» գումար պահանջել:

Ըստ նրա՝ կառավարությունը միջոցներ է ձեռնարկել՝ պայմանագիր է կնքվել իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերության հետ, որը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը: Արդյունքում վեճը լուծվել է ի օգուտ Հայաստանի, ինչի հետևանքով ընկերությունը դարձել է Հայաստանի սեփականությունը։ Սարգսյանն ասել է, թե գործով անցնող գործարար Վահե Յաքուբյանին ճանաչել է, բայց վերջինիս հետ մոտ հարաբերություններ չի ունեցել: Նա չի հիշում, թե երբ և ինչ հանգամանքներում է ծանոթացել նրա հետ։ Չի բացառում, որ 2008-2018 թվականներին, երբ զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը, նախագահի նստավայրում Վահե Յաքուբյանն այցելած լինի իրեն, սակայն թե երբ և ինչ նպատակով, չի հիշում: Տարեվերջին նախագահականում հավաքվել են մի շարք անձինք, այդ թվում՝ գործարարներ, ուստի չի բացառում, որ նա ևս ներկա է եղել տարեվերջյան միջոցառմանը:

Սերժ Սարգսյանը չի բացառել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խնդրո առարկա անշարժ գույքերի ձեռքբերման նպատակահարմարության վերաբերյալ իր հետ քննարկումներ ունեցած լինի: Իսկ թե հիշյալ անշարժ գույքերը ձեռքբերելու խնդրանքով Վահե Յաքուբյանը կամ այլ անձինք ՀՀ կառավարություն դիմել են, թե ոչ, Սարգսյանն ասել է, որ չի հիշում: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անշարժ գույքերը «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարելու վերաբերյալ պայմանագրում ամրագրված դրույթներից էլ նա տեղյակ չի եղել:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության եզրակացության բացակայության պայմաններում ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին չի հանձնարարել համաձայնություն տալ և կողմ քվեարկել ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 112-Ա որոշման նախագծի օգտին:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ Վահե Յաքուբյանին պատկանած «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից ՊՆ հանդեպ պարտավորությունները չկատարելու պայմաններում դատական պաշտպանության կամ իրավական ներգործության այլ միջոցների դիմելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2012-2016 թվականներին իր հետ քննարկումներ չի ունեցել։ Տեղյակ չէ, թե խնդրո առարկա գործարքների հետ նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանն առնչություն ունեցել է, թե՝ ոչ։

Սերժ Սարգսյանը հերքել է նաև խնդրո առարկա գույքերի փոխարեն Վահե Յաքուբյանին պատկանած «Մետաքս» ԲԲ ընկերության տարածքը պաշտպանության նախարարությանը տրամադրելու վերաբերյալ իր կողմից որոշում կայացնելու հանգամանքը:

Իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ցուցմունքում նշված է, որ երբ զբաղեցրել է կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, աշխատանքային գործունեությամբ պայմանավորված ճանաչել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ իրավախորհրդատու Վահե Յաքուբյանին, ում հետ հարաբերությունները կրել են զուտ աշխատանքային բնույթ: Պաշտպանության նախարարությանը պատկանած՝ Շենգավիթի Բագրատունյաց 81, 81/1 և Էրեբունու Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությանն ուղղակի վաճառքով օտարելու թույլտվության տալու վերաբերյալ կառավարության՝ 2012 թվականի փետրվարի 12-ի թիվ 112-Ա որոշման կայացման հանգամանքները չի հիշում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր