ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Սեյրան Օհանյանը շարունակում է մնալ պատգամավոր. ի՞նչ է սպասվում նրան. «Ժողովուրդ»
09:12, 09.02.2023 | mamul.am
3769 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն երեկ անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման գործընթաց կսկսվի:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3 միջնորդություն էր ներկայացրել, որոնցից առաջինը վերաբերում էր զորամասի տարածքների օտարմանը, երկրորդ միջնորդագիրը գաղտնի էր և քննարկվեց փակ նիստում, իսկ երրորդ միջնորդագիրը վերաբերում էր արդեն պաշտոնավարման ընթացքում թույլ տված չարաշահումներին:

Դատախազի միջնորդությունները լսելուց հետո ՔՊ-ականները միաձայն քվեարկությամբ համաձայնություն տվեցին, որպեսզի Սեյրան Օհանյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ընդդիմությունը բոյկոտել էր թե՛ հարցի քննարկումը, թե՛ քվեարկությունը:
Ասել է թե՝ գնդակն արդեն դատախազության դաշտում է. Օհանյանի հետ կապված մյուս հարցերը քննարկվելու են իրավական տիրույթում: Վարույթ իրականացնող մարմինն արդեն կարող է մեղադրանք առաջադրել վերջինիս ու նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Թեև Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, բայց նա շարունակում է պահպանել իր պատգամավորական մանդատը և հանդիսանում է «Հայաստան» խմբակցության ղեկավար:

Նրա պատգամավորական լիազորությունները կհամարվեն դադարեցված, երբ ազատազրկման դատապարտելու որոշում կայացվի: Կալանքի համար դատախազը կրկին պետք է խորհրդարան գա և պատգամավորների համաձայնությունը ստանա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր