ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի նախագիծ է ներկայացվել
15:06, 09.02.2023 | mamul.am
2099 | 0

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոալիցիան՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, երեկ Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Հաղորդագրության համաձայն՝ բանաձևը նպատակ ունի մեծացնել ԱՄՆ-ի ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա Արցախի երկու ամիս շարունակվող շրջափակմանը:

Օրինագիծը հեղինակել են Քալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Բրեդ Շերմանը։ Օրինագծի սկզբնական աջակիցների թիվը Ներկայացուցիչների պալատում արդեն հասնում է 65-ի։ Աջակիցների թվում կան ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրներ:

Նախագծի հեղինակներն շեշտում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը գործընկերներին ուղղված նամակում գրել է, որ Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայերին Արցախից հեռացնելու համար և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից։

«Այս ամենը էթնիկ զտումների ակնհայտ նշան է, որը մենք չենք կարող անտեսել… Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները միջանցքը վերաբացելու համար, քանի դեռ հումանիտար ճգնաժամը չի դարձել աղետալի»,- գրել է Ֆրենկ Փալոնը։

Հաղորդագրության համաձայն, առաջարկվող քայլերն են՝

- դիմել միջազգային դատարաններին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար,

- համագործակցել միջազգային գործընկերների, ներառյալ Արցախի իշխանությունների հետ, Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայումն ապահովման համար,

- անհապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցություն Ադրբեջանին

- կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ,

- ադրբեջանական ագրեսիայից տուժող արցախահայերին ամերիկյան կայուն մարդասիրական օգնության և զարգացման երկարաժամկետ աջակցության հզոր ծրագիր մշակել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր