ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Այս լուրն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում». Տաթևիկ Հայրապետյան
15:36, 09.02.2023 | mamul.am
10191 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Մի քանի դիտարկում՝ երեկ երեկոյան ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված «հայ-իրանական համատեղ գործողության» մասին:

Այսպես, երեկվանից ադրբեջանական քարոզչամեքենան պետության կողմից հստակ հրահանգով տեղեկատվական գրոհ էր կազմակերպել՝ հորինելով ու նկարագրելով, թե ինչպիսի համատեղ «գործողություն են մշակել» հայկական և իրանական կողմերը: Տեքստում արձանագրված էր ամբողջովին հորինված սցենար՝ ամենայն մանրամասնությամբ: Շատերի կողմից դա գնահատվեց որպես հավանական սադրանքի նախապատրաստման սկիզբ, քանի որ դա տիպիկ ադրբեջանական գործելաոճ էր հիշեցնում՝ տեղեկատվական գրոհ և հետո հաջորդող գործողություններ:

Այդուհանդերձ, ուշագրավ է, որ այդ տեղեկատվական գրոհը կազմակերպվեց այն բանից հետո, երբ Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն հայտնել էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելության շրջանակներում Ֆրանսիան իր կողմից տրամադրելու է ութ ժանդարմ: Այս լուրը հավելյալ անհանգստություն էր առաջ բերել Ադրբեջանում:

Ինչպես նախորդիվ նշել էի՝ ԵՄ քաղաքացիական առաքելության ժամկետի երկարաձգումը, մեղմ ասած, դուր չի եկել Բաքվին: Ուստի նրանք հսկայական տեղեկատվական, քաղաքական ու դիվանագիտական աշխատանք են տանում այդ առաքելությունը հակառուսական և հակաիրանական քողի ներքո ներկայացնելու համար:

Այժմ, ինձ մոտ տպավորություն է, որ իրենք նաև փորձում են եվրոպացիներին «համոզել», որ հայերը գաղտնի կերպով համագործակցում են Իրանի հետ և քայլեր պատրաստում Ադրբեջանի դեմ: Արևմուտքի վերաբերմունքը Իրանի հանդեպ բոլորին է հայտնի, Ադրբեջանն էլ արդեն իրեն դիրքավորել է հակաիրանական ճամբարում և անգամ չի թաքցնում դա, բայց Ադրբեջանի համար կարևոր է նաև Հայաստանին ներկայացնել որպես Իրանի համախոհ և աջակից՝ դրանով իսկ խաթարել ԵՄ առաքելության հետագա գործունեությունը: Այս իրավիճակում ՀՀ-ի կողմից խելացի դիվանագիտական աշխատանքը Իրանի, Արևմուտքի և Ռուսաստանի հետ կարող է խափանել Բաքվի պլանները:

Ակնհայտ է, որ Ալիևի համար բարդացել է ագրեսիվ քայլերի դիմելը ԵՄ դիտորդների առկայության պայմաններում, ուստի նրանց հեռացումը կհեշտացնի հետագայում ագրեսիայի գնալու իր պլանների իրագործումը: ՀՀ-ում պետք է հասկանան, որ Ադրբեջանը մեկ կամ երկու գործողությամբ չի բավարարվելու, նրանք քայլերի շղթա են մտածել և նման տեղեկատվական գրոհներ կարող են կրկնվել նաև առաջիկայում: Զգոնությունը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական և թե՛ տեղեկատվական առումով շատ կարևոր է մեր անվտանգության և ինքնիշխանության պահպանման համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր