ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հիմա Պուտինը հաստատ կգնա մի քանի երկիր». Հայկ Մարտիրոսյան
23:24, 19.03.2023 | mamul.am
5644 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Կարող եմ երաշխավորել, որ հիմա Պուտինը հաստատ կգնա մի քանի երկիր` վարկաբեկելու համար նույն Հաագայի Քրեական Միջազգային Դատարանը և Արևմուտքը: Որովհետև շատերը, որ մասնագետ չեն` կարծում են, թե դատարանի թողարկած սանկցիան պարտադիր է բոլոր երկրների համար:
Պարտադիր չէ: Կիսապարտադիր է միայն նրանց համար, որոնք ստորագրել են ստատուտը և վավերացրել: Իսկ վավերացնող երկրները բացարձակ մեծամասնություն չեն:
Բացի այդ, վավերացրած երկրներն անգամ չունեն բացառիկ պարտավորություն` ձերբակալելու հետախուզվողին: Ե´վ ունեն,և´ չունեն: Եվ դա կոչվում է «գորշ տարածք»: Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը պետության առաջին գործող ղեկավարներից էր, որի դեմ ՄՔԴ-ն հետախուզում հայտարարեց: Ընդ որում, հոդվածն առավել ծանր էր, քան Պուտինինը: Բաժիրը մեղադրվում էր Ցեղասպանության մեջ: Դարֆուրի ցեղասպանության, որում օգտագործել էր ջանջավիդներին` ընդդեմ տեղի սև բնիկների: Եվ չնայած դրան` ալ Բաշիրը ճամփորդում էր բազմաթիվ երկրներ, որոնք հրաժարվում էին ձերբակալել նրան: Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորը միայն պաշտոնաթողությունից հետո ձերբակալվեց նույն ՄՔԴ սանկցիայով: Եվ դատարանում նախկին ահասարսուռ դաշտային վայրագ հրամանատարից վերածվեց խղճուկ ոչնչության:
Բաշիրին վերջապես ձերբակալեցին: Բայց միայն սեփական երկրում հեղաշրջումից հետո և բոլորովին այլ մեղադրանքներով: Նրան ՄՔԴ հանձնելու հարցը Սուդանի նոր` անցումային և անկայուն իշխանությունները թեռևս քննարկում են, բայց, ամենայն հավանականությամբ, կհանձնեն նրան Քրեական Դատարանին:
Իր պատիժն արդեն մի քանի տարի է, ինչ կրում է Կոնգոյի նախկին փոխնախագահ Ժան Պիեռ Բեմբա Գոմբոն, որ մեղավոր է ճանաչվել մարդկության դեմ հանցագործությունների համար և դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:
Մյուս կողմից` մեղադրող կողմի թույլ նախապատրաստվածության պատճառով Կոտ դ`Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոն ազատվեց մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքից և մի քանի տարի կալանավորված մնալուց հետո Միջազգային Քրեական Դատարանի վճռով ազատ արձակվեց:
Իրականում քաղաքակիրթ աշխարհը Պուտինի դեմ թողարկված ձերբակալման սանկցիայով կարևոր փորձ է կատարում և սկսում գործընթաց` ապալեգիտիմացնելու նրան և բարոյական հարված հասցնելու, իսկ Պուտինըˋ որպես հակահարված, փորձելու է այդ նույն սանկցիան օգտագործել` սեփական պրոպագանդայի մեքենայի միջոցով ցույց տալու համար, թե իբր Արևմուտքն անկարող է իրեն ձերբակալել և թե իբր Արևմուտքի բոլոր քայլերն ու գործողություններն անատամ են և անօգուտ: Հետևաբար, նախաձեռնելու է ճամփորդություններ, որոնց ընթացքում վստահաբար չի ձերբակալվելու: Վստահաբար:
ՄՔ Դատարանի այս սանկցիան, թեև իրապես արդարադատության փորձ է, բայց նաև քաղաքական ու պատերազմական քայլ է, որի դեմ կիրառվելու է պատասխան քայլ` Պուտինի այլ` իրեն ձերբակալելու պարտավորություն կամ կարողություն չունեցող երկրներ այցերի տեսքով (իհարկե, նախօրոք հստակ պայմանավորվելով նրանց հետ): Բայց, նախքան այդ երկրներ այցելելը` Պուտինն այցելում է ուկրաինական` Ռուսաստանի կողմից բռնակցված Մարիուպոլ: Դա նրա առաջին այցն է ապօրինաբար գրավված Ուկրաինական տարածքներ և առաջին քայլը` ցույց տալու համար, որ ինքը ազատ է տեղաշարժվելու հարցում և որ մարտահրավեր է նետում Արևմուտքին` այցելելով գրավված տարածքներ:
ՄՔԴ սանկցիայի առումով միանշանակ եզրակացություններ անել և համարել, որ հարցը լուծված է, չի կարելի: Ինչպես ամեն հարցում, այս հարցում ևս մեր հասարակության մի հատվածի արձագանքը միամիտ է և մակերեսային: Հրճվանք և վստահությունˋ թե վերջ, հարցը լուծվելու է և կամ միանշանակ վստահություն, թե ոչինչ էլ չի լինելու: Երկուսն էլ սխալ մոտեցումներ են: Երկուսն էլ` մանկամտությամբ մեզ խիստ բնորոշ:
Ի դեպ` Հայաստանն ստորագրել է Դատարանին միանալու կոնվենցիայի տակ, բայց ստատուտը չի վավերացրել: Հետևաբար, չունի բացարձակ պարտավորություն ձերբակալելու Պուտինին: Եվ եթե անգամ ունենար` միևնույն է, որևէ պարագայում չէր անելու դա: Այդպիսին է այս երկրի տեսակը, այդպիսին է այս հասարակության մենթալիտետը: Այդպիսին է այս երկրի` Պուտինի կողմից դրածո իշխանությունը և նաև դրան ընդդիմադիր նախկինների նույնպես դրածո ոհմակը: Այդպիսին են նաև առավոտից գիշեր հեռուստաէկրաններից ծախու քաղաքագետների և քաղվերլուծաբանների ողորմելիության գաղափարախոսության թեզերը, որոնցով անկանգորեն լվանում են մեր առանց այդ էլ գոյություն չունեցող ուղեղները:
Կարո՞ղ է գալ Պուտինն այսուհետ Հայաստան: Այո´, միանշանակ կարող է: Կգա՞ արդյոք: Այո, շատ հնարավոր է, որ կգա: Ինչո՞ւ: Որ իր ճորտ երկիրը` հանուն Պուտինի շահերի` ինքնազոհ կերպով օգտագործվի` Արևմուտքին ևս մեկ մարտահրավեր նետելու համար: Որ ցույց տա Արևմուտքին, թե իբր ինքն ազատ ճամփորդում է: Եվ որ իր համար հյուրընկալ երկրներ կան: Ինչպես` Հայաստանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր