ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+25 °C
ԱԺ-ում քննարկվել է հրավառությունները սահմանափակող օրինագիծը
16:54, 21.03.2023 | mamul.am
1740 | 0

ԱԺ նիստում քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Համաձայն ԵԱՏՄ տեխկանոնակարգերի՝ հրագործական արտադրատեսակները բաժանվում են հինգ խմբի: Առաջին և երկրորդ դասին են պատկանում ավելի թույլ հրագործական արտադրատեսակները: «Կարգավորմամբ մեր տեխկանոնակարգերը համապատասխանեցնում ենք ԵԱՏՄ-ի տեխկանոնակարգերին, և փաստացի արգելվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումն ու վաճառքը: Այսինքն՝ եթե հրավառություն է Հայաստանում, ուրեմն դա պետական կամ համայնքնային նշանակության տոն օրերին է՝ պետության կամ համայնքի մասնակցությամբ կարևոր միջոցառումների ժամանակ»,- պարզաբանել է Սիսակ Գաբրիելյանը: Առաջին և երկրորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը և վաճառքը կշարունակի գործել, սակայն որոշակի պահանջներ կներդրվեն դրանց պահեստավորմանը և տեղափոխմանը վերաբերող դրույթներում:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվել է, թե երբվանի՞ց է գործելու երրորդ, չորրորդ դասի հրագործական նյութերի ներմուծման արգելքը: Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո տնտեսվարողներին կտրամադրվի վեցամսյա ժամկետ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվել է. «Երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների վաճառքն ու ներմուծումն արգելելուց հետո ինչքանո՞վ կազատվենք մարդկանց ծննդյան առիթով գիշերը 12-ին հրավառության աղմուկ-աղաղակից»: Սիսակ Գաբրիելյանը չի բացառել, որ գուցե ինչ-որ մարդիկ մաքսանենգ ճանապարհով ներկրեն այդ նյութերը և կիրառեն: Նա նաև նշել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումից հետո կիրառումը 90 ևավելի տոկոսով կնվազի: Օրինագծի հեղինակը տեղեկացրել է, որ տուգանքները բավականին խստացվել են. օրենքը խախտելու դեպքում գործող 50-100 հազար դրամ տուգանքի փոխարեն կվճարեն մինչև 3 մլն դրամ տուգանք: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր