ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ՔՊ–ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Կոնջորյանը հաստատեց
20:30, 21.03.2023 | mamul.am
2863 | 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Տեղեկությունը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Կոնջորյանի խոսքով` հունվարի 23–ից հետո, երբ Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ–ի պաշտոնից, մանրակրկիտ դիտարկել են տարբեր թեկնածուների ու փորձել գտնել լավագույն լուծումը։

«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով այն թեկնածուն է, որը կարող է լինել մարդու իրավունքների պաշտպան»,– ասաց նա։
Խմբակցության ղեկավարը չհամաձայնեց այն դիտարկումներին, թե ընտրել են իշխանությանը լոյալ թեկնածուի։
«Մենք շատ պաշտոններում ընտրել ենք այնպիսի թեկնածուների, որոնք հանդես են եկել ու շարունակում են հանդես գալ հայտարարություններով, որոնք այդքան էլ իշխանության սրտով չեն»,– ասել է Կոնջորյանը։
Նա հավելեց, որ Անահիտ Մանասյանը համապատասխանում է սահմանված նորմերին։
Կոնջորյանի խոսքով` իրենք հասկանում են, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է իրականացնի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և չի կարող ունենալ որևէ կաշկանդվածություն, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իրեն ընտրել։
Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ՄԻՊ թեկնածուի առաջադրման հետ կապված քննարկում չի եղել ընդիմության հետ, քանի որ ընդդիմությունը որևէ թեկնածուի անուն չի առաջադրել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր