ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի անդրադարձը՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի քաղաքականությանը
12:42, 22.03.2023 | mamul.am
4777 | 0

Մարտի 21-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu, Special Advisor of the UN Secretary-General on the Prevention of Genocide) հետ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումնաիտար իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների դրսևորումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:
Շեշտվել է, որ 100 օր շարունակվող շրջափակումը Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ արտահայտություն է, ինչի մասին նախորդ տարվա դեկտեմբերի վերջից ի վեր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և Հատուկ խորհրդականին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել հայկական կողմից։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ցեղասպանության կանխարգելման հարցերով Հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից մշակված «Ոճրագործությունների վերլուծության շրջանակ. Կանխարգելման գործիքակազմ» (Framework of Analysis for Atrocity Crimes: A tool for prevention) փաստաթղթով սահմանված՝ զանգվածային ոճրագործության նախանշան հանդիսացող գործոններին։
Անդրադառնալով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժ ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ս.թ. փետրվարի 22-ի որոշմանը՝ Մհեր Մարգարյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից դրա իրականացումից հրաժարվելն ի ցույց է դնում միջազգային պարտավորությունների հանդեպ վերջինիս բացահայտ արհամարhանքը՝ նշելով զանգվածային ոճրագործության բոլոր նախանշանների առկայության պայմաններում ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր