ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ո՞վ կկանգնեցնի մայրաքաղաքի գազալցակայանների թալանը». Ատոմ Մարգարյան
10:30, 23.03.2023 | mamul.am
4503 | 1

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ կկանգնեցնի մայրաքաղաքի գազալցակայանների թալանը
Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու է Երևան քաղաքի գազալացակայանների վաճառած գազի կիլոգրամը 40-60 դրամով ավելի թանկ, քան մայրաքաղաքից դուրս՝ այլ բնակավայրերում կամ մայրուղիների վրա շահագործվող լիցքավորման կայանների վաճառած գազն է։ Հարցն առաջին հերթին ուղղված է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և մյուս պատկան/վերահսկող մարմիններին։ Դեռ չեմ խոսում Երևանում ավտոլիցքավորման ծայրահեղ վատ որակի մասին։ Թե ումն են պատկանում այդ լցակայանները, քաջ հայտնի է՝ Գողապետության ու Մեծ թալանի ժամանակահատվածում հարստացած օլիգարխներին, նախկին թալանչի պաշտոնյաներին, ավազակապետության մեծ ու փոքր հենասյուներին՝ չնչին բացառություններով։ Շատ հետաքրքիր կլինի լսել հետևյալ հարցում ՊԵԿ-ի կարծիք-գնահատականը. եթե մայրաքաղաքից դուրս շահագործվող լցակայանները գազի կիլոգրամը վաճառելով 290-320 դրամով, ստանում են նորմալ շահույթ, ապա Երևան քաղաքի լցակայանները բացառապես նույն խողովակից ստացվող գազի կիլոգրամը վաճառելով 340-360 դրամով, որքա՞ն գերշահույթ են ստանում, և ամենակարևորը՝ ո՞ւմ գրպանն են հոսում դրանք՝ միայն տերերի՞, թե՞ հին ու բարի ժամանակների հանգույն՝ գրվում-կիսվում են վերևների հետ։
Գուցե այս հարցի պատասխանը ունի մայրաքաղաքի դե ֆակտո իշխանությո՞ւնը, իմա՝ ՔՊ-ն, որն այս օրերին կաշվից դուրս է գալիս ու ճգնում երևանցուն համոզել, թե Երևանում ինքն է հարց լուծողը։ Այդ դեպքում նորից նույն հռետորական հարցը՝ ո՞վ կկանգնեցնի մայրաքաղաքի լցակայանների թալանը»։

Աղբյուրը` Ատոմ Մարգարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր