Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ չինական TikTok սոցիալական ցանցն ԱՄՆ-ի համար սպառնալիք է, որն, այսպես թե այնպես, պետք է վերացվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Մեկնաբանելով թեման Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ նա դրական է պատասխանել է այն հարցին, թե արդյոք TikTok-ը սպառնալիք է ԱՄՆ-ի անվտանգության համար։ «Կարծում եմ՝ այո»,- ասել է արտաքին քաղաքականության վարչության պետը։ Այս կապակցությամբ Բլինքենին խնդրել են պարզաբանել՝ արդյոք դա նշանակում է, որ նա կողմ է TikTok-ն ԱՄՆ-ում արգելելուն։ Սակայն ամերիկյան դիվանագիտության ղեկավարը դա չի հաստատել։ «Դրան (ընկալվող սպառնալիքին - խմբ.) պետք է այսպես թե այնպես վերջ տալ: Դրան հասնելու տարբեր ուղիներ կան»,- ասել է Բլինքենը: Դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է երկրի 2023 ֆինանսական տարվա բյուջեն, ներառյալ դրույթը, որն արգելում է պետական աշխատողներին աշխատանքային սարքերում օգտագործել TikTok հավելվածը, որը պատկանում է չինական ByteDance-ին: Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նահանգների կեսից ավելիի իշխանությունները մասամբ կամ ամբողջությամբ արգելել են TikTok-ի օգտագործումը պաշտոնական սարքերում՝ մտավախություն ունենալով, որ տվյալները կարող են հայտնվել Պեկինի մոտ։ |