ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հետագա սադրանքների համար կեղծ տեղեկատվական հող է նախապատրաստում
19:54, 24.03.2023 | mamul.am
1827 | 0

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հատնում է. «Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմն այս փաստն օգտագործել է այն համատեքստում, թե իբր հայկական կողմը նպատակ ունի օգտագործել նշված ճանապարհը զենք-զինամթերք տեղափոխելու նպատակով։
Այնինչ, Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են և փաստական ապացույցներ ներկայացրել առ այն, որ նշված ճանապարհն օգտագործվում է միայն ու միայն քաղաքացիական անձանց տեղաշարժի և հումանիտար բեռների փոխադրման նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր ադրբեջանական կառավարության գործակալները փակ են պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այդ ճանապարհի քաղաքացիական նշանակության փաստն անառարկելիորեն ապացուցվել է նաև մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետևանքով, երբ ադրբեջանական ահաբեկչական խումբը, իբր թե զենքի տեղափոխում կանխելու նպատակով, հարձակվել և սպանել է Ստեփանակերտից Շուշիի շրջանի համայնքներ մեկնող և քաղաքացիական ծառայություն իրականացնող ոստիկաններին:
Ավելին՝ Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր լեռնային և բարդ ռելիեֆ ունեցող ճանապարհը կապում է Շուշիի շրջանի մի շարք համայնքներ (Լիսագոր, Եղցահող, Հին շեն ու Մեծ շեն) Արցախի մայրաքաղաքի ու մյուս բնակավայրերի հետ: Այն Շուշիի արգելափակված մայրուղին շրջանցող միակ միջհամայնքային ուղին է, որտեղ անհրաժեշտ է իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ՝ համեմատաբար անվտանգ ու մատչելի երթևեկություն ապահովելու նպատակով։
Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և կեղծ տեղեկատվական հող նախապատրաստել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հետագա սադրանքների համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր