ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության». Ա. Բեգլարյան
20:18, 24.03.2023 | mamul.am
4060 | 0

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է․ «Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության
Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման առաջին տարելիցը։
Դա ալիևյան բռնապետական ռեժիմի հերթական ագրեսիան և հրադադարի խախտումն էր Արցախի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր՝ Արցախին պատճառելով մարդկային և տարածքային կորուստներ։
Թեև միջազգային հանրությունը, այդ թվում՝ ռուսական կողմը՝ որպես տարածաշրջանում խաղաղապահ առաքելությամբ պատասխանատվություն ստանձնած կողմ, հստակ կոչ արեց Ադրբեջանին վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծ, սակայն Ադրբեջանը անտեսեց կոչերը և փոխարենն ամրացրեց իր դիրքերը։ Հետագա ժամանակահատվածում աչք փակելով և լռություն պահպանելով այդ իրավախախտման վերաբերյալ՝ միջազգային հանրությունը, ի վերջո, հերթական անգամ ազդակ է տվել Ադրբեջանին, որ նրանք ազատ են նոր հանցագործություններ կատարելու հարցում։
Գործելով նախորդ հանցագործությունների (հիմնականում 2020թ. պատերազմում մարդկության դեմ հանցագործությունը, այնուհետև՝ Հին Թաղերի ու Խծաբերդի և Պառուխի ու Քարագլխի բռնազավթումները) համար իրեն միջազգայնորեն «շնորհված» անպատժելիության հիման վրա՝ Ալիևի ռեժիմը կատարել է իր հաջորդ հանցագործությունները, այդ թվում՝ օգոստոսյան ագրեսիան Արցախի դեմ, սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ և այժմ՝ Արցախի 103-օրյա շրջափակումը:
Շրջափակումը դարձել է նրանց «կատարելագործված» մարտավարությունը՝ հիբրիդային պատերազմ և ահաբեկչություն իրականացնելով Արցախի ժողովրդի դեմ։
Այսպիսով, օրինաչափությունը պարզ է. Ալիևն իր հանցագործություններով փորձարկում է միջազգային հանրության արձագանքը, դիմակայում է իր հանդեպ քննադատություններին, մի որոշ ժամանակ լռում է, ապա՝ գործում ավելի ագրեսիվ հանցագործություն՝ ևս մեկ անգամ ստուգելու կարմիր գծերն ու արձագանքները և հերթական անգամ դիմակայելու միջազգային հնարավոր կոշտ արձագանքներին։
Քանի դեռ ալիևյան ռեժիմը թանկ չի վճարել հանցագործությունների կատարման և կարմիր գծերի հատման համար, նրանք երբեք կանգ չեն առնի և կձգտեն քայլ առ քայլ իրագործել իրենց վերջնական նպատակը՝ ցեղասպանությունը։ Այսպիսով, կանգնեցրե՛ք Ալիևին իր հանցավոր երթում, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր