ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթևան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում
13:24, 26.03.2023 | mamul.am
8430 | 1

3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշական կենտրոնում տարեց կինը վիրահատվել էր, ինչի արդյունքում նրա 2 ոտքերը, որոնք ցրտահարվել էին, անդամահատվել են։ Վիրահատությունից օրեր անց շտապօգնությունը անօթեւան կնոջը տեղափոխել եւ թողել էր փողոցում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկանության աշխատակիցները, «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները կարողացան օգնության ձեռք մեկնել 3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոցից դուրս գրված տարեց կնոջը՝ 63-ամյա Աննա Եսոյանին, և նրա ժամանակավոր կացարանի հարցը կարգավորեցին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում, 2 օր փողոցում հայտնված, անդամահատված, անօգնական վիճակում գտնվող կինն ասում էր․ «Որոշ ժամանակ առաջ ոտքերս ցրտահարվել էր։ Ինձ տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Շատ գոհ եմ այնտեղի գրեթե բոլոր բժիշկների վերաբերմունքից։ Նրանք ինձ ոչ միայն անվճար վիրահատեցին, այլ նաև փրկեցին իմ կյանքը։ Բայց դե՝ արդեն լավացել էի։ Ու շտապօգնության ավտոմեքենան ինձ բերեց էստեղ, իջեցրեցին, նստեցրին դրսում եղած աթոռի վրա ու գնացին։ 2 օր է՝ գիշերում եմ փողոցում։ Չնայած 10 տարուց ավելի մնացել եմ այս կիսակառույց շենքում։ Հիմա ինչ-որ մեկը ինձ դուրս է արել այդտեղից ու դուռը կողպել վրաս։ Եվ թույլ չի տալիս, որպեսզի ապրեմ։ Այս վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներից էլ եմ շատ գոհ։ Նրանք այս 2 օրը ինձ սնունդ են բերում։ Սակայն ուզում եմ՝ կա՛մ օգնեն, որ էլի մնամ այս կիսակառույցում, կա՛մ ինձ տեղափոխեն խնամքի կենտրոն։ Բայց դրա համար էլ ինձ ասում են՝ տեղեկանքներ բեր, թղթեր բեր։ Այն դեպքում՝ երբ ես անգամ անվասայլակ չունեմ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր