ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«ՀՀ-ում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով». Արմեն Մուրադյան
12:48, 27.03.2023 | mamul.am
2886 | 1

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով
Բացի սննդի բավարար քանակությունից, կառուցվածքից և ճիշտ սննդակարգից կարևոր նշանակություն ունի նաև սննդի անվտանգությունը: Համաձայն միջազգային տվյալների, շուրջ 600 միլիոն մարդ (աշխարհում 10 մարդուց գրեթե 1-ը) հիվանդանում է աղտոտված սնունդ ուտելու հետևանքով, և 420.000-ը մահանում են ամեն տարի, ինչը հանգեցնում է առողջ կյանքի 33 միլիոն տարիների կորստի:
Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային ուշադրությունը սննդի և հատկապես կաթնամթերքի որակի նկատմամբ՝ «Հերացի» վերլուծականը ամփոփել է սննդի անվտանգության վերաբերյալ առկա տեղեկատվություն:
Ցավոք, մինչև 5 տարեկան երեխաները կրում են վտանգավոր սննդամթերքով պայմանավորված հիվանդությունների բեռի 40%-ը, որի հետևանքով ամբողջ աշխարհուն տարեկան արձանագրվում է 125.000 մահ:
Սննդամթերքով փոխանցվող հիվանդությունները խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ծանրաբեռնելով առողջապահական համակարգերը և վնասելով ազգային տնտեսություններին, զբոսաշրջությանը և առևտրին։
Այսպես, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, անապահով սննդի հետևանքով տարեկան կորցվում է 110 միլիարդ ԱՄՆ դոլար արտադրողականության և բժշկական ծախսերի պատճառով:
Սննդի անվտանգության հարցն արդիական է նաև Հայաստանի համար, զգալի թիվ են կազմում աղիքային վարակների ցուցանիշները, ինչպես նաև քաղաքացիների կողմից սննդային թունավորումների մասին հաղորդումները:
Մասնավորապես, 2018-2022թթ. տարեկան միջինում գրանցվել է այլ սալմոնելոզային վարակների շուրջ 582 դեպք, այլ մանրէային աղիքային վարակների 2621 դեպք, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5011 դեպք:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. գրանցված դեպքերն ունեն հետևյալ թվային տեսքը. այլ սալմոնելոզային վարակ՝ 652 դեպք, որից 323-ը կազմել են 0-6 տարեկան երեխաները, այլ մանրէային աղիքային վարակների 2730 դեպք, որից 1597-ը 0-6 տարեկան երեխաներ, ճշտված այլ աղիքային վարակների 794 դեպք, որի գերակշիռ մասը՝ 615-ը եղել են 0-6 տարեկան երեխաները, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5527 դեպք, որից 2678-ը 0-6 տարեկան երեխաներն են:
Ինչպես նաև 2022թ. արձանագրվել է մանրէային սննդային թունավորման 43 դեպք:
ՏՏ-ների հարցումների տվյալները վկայում են, որ սննդային թունավորում մի քանի տարին մեկ անգամ ունեցել են հարցվածների 6.6%-ը, տարին մեկ կամ երկու անգամ՝ 3.4%-ը և երբեք չեն ունեցել՝ 89.2%-ը:
Այս առումով հայաստանյան ցուցանիշները համապատասխանում են միջազգային տվյալներին և էապես չեն տարբերվում:
Այսպիսով, Հայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով, յուրաքանչյուր տարի արձանագրվում է շուրջ 9000 աղիքային վարակի դեպք, որոնք հաճախ պայմանավորված են անորակ սննդի և ձեռքերի հիգիենայի կանոնների խախտման հետ:
Անվտանգ, գործող ստանդարտներին և նորմերին համապատասխանող սնունդը բնակչության առողջության պահպանման կարևորագույն նախապայմաններից է, հետևաբար համալիր ջանքերը այդ անվտանգության բարձրացման ուղղությամբ արդիական են առաջնահերթ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր