«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել. «Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի աշխատանքներին։ Ի թիվս բարձրացված այլ հարցերի, Դավիթ Խաժակյանը պատասխանել է Ադրբեջանի պատվիրակ Հումբաթ Հուսեյնովի կեղծ քարոզչական թեզերին, ով ներկայացնում է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը։ Հուսեյնովը, համապատասխան Ադրբեջանի պետական քարոզչական նոր թեզերին, խոսել է անցյալում իբրև թե Հայաստանից տեղահանված անձանց իրավունքների մասին։ Դավիթ Խաժակյանը պատասխանելով Հուսեյնովին նախ մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ։ Խաժակյանը նշել է, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը, և հրաժարվում է վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ։ Խաժակյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման մասին և հորդորել ադրբեջանցի պատվիրակներին՝ խոսել իրենց նախագահի հետ և հորդորել իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք նոյեմբերի 9-ից ստանձնել է ադրբեջանական կողմը, ինչպես նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքը»: |