Իսրայելի Աշխատանքի գլխավոր ֆեդերացիայի նախագահ Առնոն Բար-Դավիդը հայտարարել է, որ երկրում հայտարարված համընդհանուր գործադուլը դադարեցվել է։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ դատական բարեփոխումները հետաձգվել են մինչև ամառ։ «Ելնելով իմ ազգային պատասխանատվությունից և հասարակության պառակտումը կանխելու ցանկությունից՝ ես որոշել եմ կասեցնել այս օրենքի երկրորդ և երրորդ ընթերցումները Կնեսետի այս նստաշրջանում, որպեսզի ժամանակ տամ Կնեսետի հաջորդ նիստից առաջ համաձայնության հասնելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները պնդում են դատական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, «որը կվերադարձնի իշխանության թևերի միջև կորցրած հավասարակշռությունը»։ |