ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հերթական անտրամաբանական նշանակումը. «Հրապարակ»
09:12, 28.03.2023 | mamul.am
8831 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի վարչապետը հունվարի 9-ին հերթական անտրամաբանական նշանակումն արեց՝ ոստիկանի ավելի քան 20 տարվա ստաժ ունեցող և փրկարարության հետ կապ չունեցող Կամո Ցուցուլյանին նշանակելով փրկարար ծառայության տնօրեն: Պարզ չէր, թե նա ինչպես է ղեկավարելու փրկարար ծառայությունը: Բայց պարզվեց՝ չի ղեկավարում, քանդում է: Միայն մարտին Կամո Ցուցուլյանի հրամաններով փրկարար ծառայությունից ազատվել են ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, գնդապետ Սարգիս Կյուրեղյանը: Երկուսն էլ՝ փրկարարի 30 տարվա ստաժով աշխատողներ: Հովհաննես Եմիշյանին էր 44-օրյա պատերազմում վստահվել փրկարարների գումարտակի հրամանատարությունը, որոնք պահել են իրենց վստահված դիրքերը, տուն վերադարձել առանց կորուստների:

Թեև պատերազմից հետո իշխանությունն այդ դիրքերը նվիրեց Ադրբեջանին: Սարգիս Կյուրեղյանն էլ հմուտ և փորձառու է, նրան է վստահվել փրկարարներ կրթելու գործը: Եմիշյանի ու Կյուրեղյանի հեռացումը ձևակերպել են կենսաթոշակի գնալու հիմքով, բայց հայտնի է, որ կենսաթոշակի տարիքն աշխատանքից հեռացնելու հիմք չէ, և փրկարար ծառայության բարձրակարգ մասնագետներն առավել ևս տարիքի պատճառաբանությամբ չպետք է հեռացվեն»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր