ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն էպատաժի վերածելը նողկանք է առաջացնում». Լևոն Սարդարյան
16:54, 28.03.2023 | mamul.am
3663 | 1

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից ամենաշրջանառվող թեմաներից մեկը բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունն էր՝ կապված ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլ երկրի դրոշի տակ հանդես գալու հետ։ Նրա հիմնական բողոքը պայմանավորված էր հանգամանքով, թե պետությունը (այս դեպքում՝ իշխանությունները) հավուր պատշաճի չեն վերաբերվել աշխարհի չեմպիոն դարձած մազիկի հետ։ Հետո հայտնի դարձավ, որ Իսրայելյանն ստացել և ստանում է ֆինանսական աջակցություն և օդում ճախրող մնաց միայն «աշխարհի չեմպիոն» գրառմամբ օդապարուկը (воздушный змей)։ Բայց էստեղ էլ մի նրբություն կա։ Իսրայելյանը, իհարկե, չեմպիոն է, բայց ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ մրցաշարի, ինչը, սակայն, նրան չի խանգարում պնդել ու կարծել, թե իրեն պետք է վերաբերվել որպես մեծահասակների չեմպիոնի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Զուտ որպես հիշեցում ասեմ, որ տարբեր մարզաձևերում (էդ թվում՝ բռնցքամարտում) ունենք ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ, բայց էդ տղերքն իրենց չեն «ճղում», թե՝ պետություն ջան, ինձ գլխիդ վրա դրած ման տուր։ Ու սա խոսում է ոչ թե նրանց «հարիֆության», այլ Էրիկի չհիմնավորված ու, ինչու չէ, նրա վրա եղած կողմնակի ազդեցության մասին։
Ինչ վերաբերում է քաղաքացիությունից հրաժարվելուն, ապա ինձ ճանաչող մարդիկ հրաշալի գիտեն իմ վերաբերմունքը նման հայտարարուոյուններին։ Ես նույն կերպ եմ արձագանքել, երբ էժան սերիալներում նկարահանված, մոտոցիկլետից վայր ընկած ու հիվանդանոցում հայտնված դերասանն էր հոխորտում, թե կհրաժարվի քաղաքացիությունից, եթե պետությունը հանձն չառնի իր բուժման ծախսերը (խելքին աշեցեք), երբ նմանատիպ սպառնալիք էր հնչեցնում մեր շոումեններից մեկը՝ ասելով, թե տունը վաճառում է ու հեռանա, որ իր երեխաներն այս հասարակության մեջ չմեծանան (որքան տեղյակ եմ՝ հասարակության վիճակն առանձնապես չի փոխվել, բայց տունն էդպես էլ չվաճառվեց, երեխեքն էլ, ենթադրում եմ, հասարակությունից մեկուսացված չեն)։ Ասել կուզեմ՝ երկրից, քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը էպատաժի վերածելն ինձ մոտ բոլոր ժամանակներում նողկանք է առաջացրել ու էդ իմաստով ոչինչ չի փոխվել։ Իսկ եթե ավելի առարկայական համեմատություն եք ուզում, ապա ես էս դեպքը նմանեցնում եմ լեգենդար Խորեն Հովհաննիսյանի որդու՝ Ժորայի շուրջ եղած իրավիճակին։ Ժորան խոստումնալից, հիանալի տվյալներով ԵՐԻՏԱՍԱՐԴ ֆուտբոլիստ էր, որը «վարի գնաց», քանի որ նրան ներշնչել էին, թե ինքը բացառիկ է, միակն է ու անկրկնելին։ Եվ ո՞ւր է հիմա Ժորա Հովհաննիսյանը։ Սա հարց է, որը պիտի հուզի նախևառաջ Էրիկ Իսրայելյանի ականջին փսփսացողներին։ Չնայած՝ չեմ կարծում։ Նրանց գործը էպատաժն է։ Իսկ մարզիկի ճակատագրի վրա նրանք խորապես թքած ունեն։
Հ.Գ. Քեզ բարի ճանապարհ, էրիկ ջան։ Չեմ կարոտի»:

Աղբյուրը` Լևոն Սարդարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր