ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.28, EUR 414.12, RUB 4.76, GBP 479.72
+28 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, որից հետո Իրանը Ադրբեջանին մեսիջ ուղարկեց». Սուրեն Սարգսյան
12:36, 29.03.2023 | mamul.am
4574 | 0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին շրջանում Իրանի շուրջ բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգանում: Խոսք էր գնում Իրանի դեմ լայն կոալիցիայի ձևավորման, ինչպես նաև ռազմական գործողություններ սկսելու մասին: Դրա խայծը համարվում էր և շարունակում է համարվել Ադրբեջանը, որից պետք է օգտվեն Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և դրա մասին բացեիբաց հայտարարում են բոլորը:
Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ Իրանի շուրջ սեղմվող օղակը ճաքեր տվեց, մի շարք իրողությունների ձևավորմամբ և նման «միասնական օպերացիայի» հավանականությունը մի փոքր նվազեց, բայց իհարկե չվերացավ:
1. Նախ, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և նախատեսված ընտրությունները, իհարկե կարճաժամկետ կտրվածքով, այդուհանդերձ վերաշարադրեցին թուրքական իշխանությունների առաջնահերթությունները:
2. Չինաստանի միջնորդությամբ և երաշխիքներով Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը հնարավորություն տվեց Իրանին հասանելի բոլոր տեսակի ռեսուրսները վերախմբավորել այլ ուղղություններով: Բնականաբար այս հաշտեցումը չէր համապատասպանում Իսրայելի, Թուրքիայի և ԱՄՆ շահերին, ինչի մասին առիթ ունեցել եմ գրելու:
3. Իսրայելում վերջին օրերին սկիզբ առած ներքաղաքական լուրջ ճգնաժամը Թել-Ավիվի իշխանություններին նույնպես ստիպեց կարճաժամկետ կտրվածքով վերաշարադրել առաջնահերթությունները, այդ թվում հայտարարվող «Իրանի դեմ գործողությունների» մասով, մանավանդ որ Նեթանյահուի նկատմամբ ԱՄՆ-ից էլ ճնշում կա:
4. ԱՄՆ-ն կանգնած է նախընտրական եռուզեռի եզրին և արտաքին քաղաքականության մեջ դեմոկրտաները չեն կարող ռիսկային քայլերի գնալ, քանի որ ունեցել են լուրջ տապալումներ և ցանկացած ցնցում, կամ առավել ևս տապալում խաղալու է ի օգուտ հանրապետականների թեկնածուի:
Չեմ բացառում, որ օրեր առաջ տեղի ունեցած Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, որից հետո Իրանն ամենայն հավանականությամբ ՌԴ միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց, որ լուրջ է տրամադրված:
Իհարկե հավանականություն կա, որ որոշ երկրներ կարող են նաև ներքաղաքական խնդիրները խլացնելու նպատակով արտաքին արկածախնդրության գնալ, բայց ոչ բոլորը և ոչ միաժամանակ:
Այս ամենը նշանակում է, որ բոլորը մի կարճ ժամանակ զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար:
Չնայած, ու՞մ եմ ասում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր