ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան
13:30, 29.03.2023 | mamul.am
2277 | 0

Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ առնչությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով: Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական ​​խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է», - ասել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա «դժվարությունների մասին»՝ նշելով, որ առանց դրանց չի աշխատում ոչ մի միջազգային կառույց, որն «իրական գործնական աշխատանք է կատարում՝ ելնելով իր բոլոր անդամների շահերից»:

«Այսօրվա դրությամբ Կազմակերպությունում մեկնարկել է անդամ երկրների ղեկավարների՝ 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման ինտենսիվ գործընթաց։ Հիմնականում Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հետ մղելու ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի», - ասել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ այժմ ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում մայիս-հունիս ամիսներին նախատեսված արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերի համար։

«Օրակարգը շատ հարուստ է, ինչը վկայում է կազմակերպության բարձր պահանջարկի մասին (խմբ.՝ ՀԱՊԿ-ի) պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման հարցերում: ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության ամրապնդման այս և այլ հարցեր բուռն քննարկման առարկա են դարձել 2023 թվականի մարտի 20-ին Մոսկվայում նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովի՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում», - եզրափակել է Գալուզինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր