ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հարց՝ Սերժ Սարգսյանի կորցրած 800 հեկտարը քննադատած Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
03:12, 01.04.2023 | mamul.am
7467 | 3

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2016թ. սեպտեմբերի 10-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասում է՝ «2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ԼՂՀ-ն պաշտոնական տվյալներով 800 հեկտար տարածք կորցրեց Սերժ Սարգսյանը արդեն 8 տարի Հայաստանի Զինված ուժերի դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն է, դրանից առաջ 7 տարի, 2000-ից 2007 թվականներին, եղել էր պաշտպանության նախարար: Վերջերս, ի դեպ, հաճախ է քննարկվում հարցը, թե Սերժ Սարգսյանը հող հանձնո՞ղ է, թե ոչ: Կներեք, բայց հող հանձնելը պոզով պոչո՞վ է լինում: Եթե երկար տարիներ առաջնագծի կենսական պահանջները ոչ միայն չեն լուծվում, այլեւ բացահայտորեն արհամարհվում են, դա հանուն ինչի՞ է արվում, եթե ոչ հող հանձնելու»:
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևանքով մենք կորցրել ենք Արցախի անվտանգության գոտին (Քարվաճառ, Աղդամ, Զանգելան, Կուբաթլու, Լաչին, Ֆիզուլի, Ջեբրայիլ) և նախկին ԼՂԻՄ մաս կազմող Հադրութի շրջանն ու Շուշի քաղաքը: 44-օրյա պատերազմում հայկական կողմը կորցրեց շուրջ 8 հազար քառակուսի կիլոմետր տարածք:
Դրանից հետո՝ 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով օկուպացված են ՀՀ մաս կազմող տարածքները, ըստ Փաշինյանի գնահատման՝ 40-45 քառակուսի կիլոմետր տարածք:
«2022թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ/կմ տարածք»,- մարտի 24-ին Ազգային ժողովում նշել էր Արարատ Միրզորյանը:
Երկու օր առաջ էլ՝ գիշերը, մինչև ՀՀ իշխանությունները խիստ «կարևոր» հարցերով էին զբաղված, ՀՀ–ն տարածքային նոր կորուստներն ունեցավ: Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը թեև հայտարարեց, որ ՀՀ-ն չունի դիրքային կորուստներ, բայց արդեն երեկոյան ԱԱԾ հայտարարության մեջ պարզ դարձավ, որ ադրբեջանցիները հերթական առաջխաղացումն են ունեցել, մինչ պատասխանատուները հանգիստ քնած էին ու հույսը դրել էին բանավոր պայմանավորվածությունների վրա:
«Չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել....»,- նշված է հայտարարության մեջ:
Հիմա հարց՝ Սերժ Սարգսյանի կորցրած 800 հեկտարը քննադատող, ոչ վաղ անցյալում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ կասեր Արցախի մեծ մասը հանձնած, ՀՀ-ն մաս մաս հանձնող Նիկոլ Փաշինյանին, որը արդեն հինգ տարի մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է ու երեկոյան ժամերին ոնց հասկացանք՝ կակաչ է ցանում, մինչ Ադրբեջանը նոր դիրքեր է զբաղեցնում՝ անգամ մինիմալ դիմադրության չհանդիպելով: Իսկ միգուցե ազնվորեն հարցնի ինքն իրեն՝ հող հանձնելը պոզով պոչով է՞ լինում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր