ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Կամ մենք ուժ ենք գտնում միասին պայքարելու, կամ հետևանքները լինում են աղետալի բոլորիս համար». Ռուբեն Վարդանյան
18:00, 28.05.2023 | mamul.am
4607 | 1

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայիսի 28-ին մենք տոնում ենք Առաջին հանրապետության ծնունդը` 105-ամյակը: Բայց այս օրը նաև մեր անցած ուղին, մեր կրած դժվարությունները, դրանք հաղթահարելու ձևերը տեսնելու ու վերաարժևորելու մասին են: Մենք պետություն կառուցեցինք մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Կռվեցինք քանակով, ուժերով, զենքով բազմիցս մեզ գերազանցող թշնամու դեմ: Կռվեցինք ու կերտեցինք մեր պետությունը: Կռվեցինք, որովհետև չկռվելը լինելու էր կործանարար: Կռվեցինք՝ մի կողմ դնելով մեր տարաձայնությունները, հակասությունները ու համախմբվելով պետություն ունենալու գաղափարի շուրջ: Հենց այդ պատճառով եմ ես հաճախ կրկնում, որ այսօրվա իրավիճակը դա Սարդարապատ է՝ կամ մենք ուժ ենք գտնում միասին պայքարելու, կամ հետևանքները լինում են աղետալի բոլորիս համար:
Մենք Առաջին հանրապետությունը կերտողների ժառանգներն ենք: Մենք նաև 35 տարի առաջ Արցախի համար ոտքի կանգնած և պայքարի դուրս եկած շարժման մասնակիցների ժառանգներն ենք:
Ինչպես 105 տարի առաջ և ինչպես 35 տարի առաջ, մենք պետք է պաշտպանենք մեզ, և պետք է կարողանանք պաշտպանվել ոչ միայն սահմաններին, այլև դիվանագիտական ասպարեզում: Մենք խուսափում ենք իրավիճակի գնահատումից, խուսափում են լսել սթափ գնահակատաններ: Մեզ պակասում են խելացի առաջնորդներ, որոնք բանակցություններում կկարողանան ոչ թե լիովին տրվել վերջնագրերի, այլ ապահովել ընդունելի պայմաններ կամ լուծումներ, որոնց հիմքում ընկած կլինեն մեր պետության ու ժողովրդի կենսական շահերը:
Այս օրը նաև պետության ու պետականության գնահատման օր է: Պետական շահը պետք է վեր լինի անձանց, կուսակցությունների, տարբեր թիմերի այսօրեական շահերից: Մենք պետք է սովորենք ժամանակին նայել 20, 50, 100 տարվա կտրվածքով ու գործել ուժեղ պետություն կառուցելու տրամաբանությամբ:
Ուղերձս կամփոփեմ Նժդեհի խոսքերով. «Միթե՞ հնարավոր է խոսքով սպառել Մայիս 28-ի բովանդակ տարողությունը: Ո’չ, ո’չ, դա ոչ ոք չի հաջողի: Այդ նվիրական թվականը կխորհրդանշի հայրենիքն ու իր անկախությունը, հայրենիքը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ կապրի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր