ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի` Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ
22:24, 28.05.2023 | mamul.am
3205 | 0

Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ «Սպուտնիկ Արմենիա»-ին տեղեկությունը հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Հայկական կողմը դեռ ապրիլին իր համաձայնության մասին հայտնել է ռուսական կողմին»,– տեղեկացրել են ԱԳՆ-ից։
Ավելի վաղ գրել էինք, որ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։
Ռուս դիվանագետը նաև ասել էր, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:
Պալտովը նաև շեշտել էր, որ մարդկանց ուղարկելու են տեղում աշխատել և իրենց ներդրումն ունենալ ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր