ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Արցախում երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգը ենթարկվել է փոփոխությունների
18:18, 29.05.2023 | mamul.am
1805 | 0

Մայիսի 23-ի՝ Արցախի կառավարության համապատասխան որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգում:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից՝ սկսած 2023 թվականի հունիսի 1-ից, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն նաև նրա մոր՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո ԱՀ կամ ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված կամ անհայտ կորած (դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված) զավակները՝ անկախ տարիքից:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխայի համար վճարվել է միանվագ նպաստ՝ առանց նրա եղբոր կամ քրոջ զոհվելու կամ անհայտ կորած համարվելու հանգամանքը հաշվի առնվելու, ապա մինչև 2024 թվականի հունվարի 1-ը դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում անձին կվճարվի հավելյալ նպաստ՝ երեխայի նոր կարգաթվով հաշվարկված նպաստի և արդեն իսկ վճարված նպաստի տարբերության չափով:

Նախարարությունից հիշեցնում են, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է՝

  • 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 300 000 ՀՀ դրամի չափով, իսկ եթե երեխայի ծննդյան պահին նրա ծնողներից մեկը կամ միակ ծնողն ունի հաշմանդամություն՝ 500 000 ՀՀ դրամի չափով.
  • 3-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 500 000 ՀՀ դրամի չափով.
  • 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 700 000 ՀՀ դրամի չափով:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր