ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Արցախի ԱԳՆ-ն տարակուսած է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունից
21:36, 31.05.2023 | mamul.am
3246 | 1

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը՝ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ․ «ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։

Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ։
Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը լավագույն միջոցը չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում դրական փոփոխությունների հասնելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր