ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել Ոստիկանությունից և Դատախազությունից
20:24, 02.06.2023 | mamul.am
2490 | 0

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտնում է. «Համացանցում՝ «Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ. ուսումնասիրվել է նաև դեպքի վերաբերյալ հրապարակված տեսաձայնագրությունը։
Պաշտպանի համար յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է, իրավունքների պաշտպանությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինի։ Առհասարակ, երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ հանգամանքից, անընդունելի է։
ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով, ինչպես նաև ներպետական օրենսդրությամբ՝ Պետությունն ունի պարտավորություն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ երաշխավորելու համար երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ բռնության դրսևորման ձևից:
Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ֆիզիկական կամ հոգեբանական, ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից, շահագործումից և այլն:
Հարցի առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից։
Երեխայի լավագույն շահի ապահովմանն առնչվող հարցերը քննարկվել են նաև Դիլիջան համայնքի իրավասու ներկայացուցչի հետ։
Բացի այդ, ՄԻՊ աշխատակազմը մշտական կապի մեջ է անչափահաս տուժողի շահերի ներկայացուցչի՝ փաստաբանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր