ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արմեն Գրիգորյանին
12:06, 05.06.2023 | mamul.am
5899 | 1

Անընդունելի են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փորձերը՝ հերթական անգամ խեղաթյուրել մի շարք հարցերի էությունը, մոլորեցնել թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայ հանրությանը՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած խոսքերին։

«Նշվել է, որ ինչպես Պրահայի, այնպես էլ Սոչիի հանդիպումներին հաջորդած հայտարարությունների համաձայն, սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Ընդհանուր առմամբ, այս հայտարարություններում հղումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին արվում է նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս հանդիպումներից և ոչ մեկում համաձայնություն ձեռք չի բերվել որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ։

Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է հարևան երկրների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։ Այս պրակտիկան հնարավոր է կիրառել նաև Հայաստանի հետ»,- ասվում է հակառակորդի պետական գերատեսչության հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր