ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» պահանջներ է ներկայացրել Արցախի իշխանություններին
18:42, 06.06.2023 | mamul.am
2903 | 0

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման Խորհուրդն այսօր Արցախի իշխանություններից պահանջել է «անհապաղ վերանայել «Լաչինի միջանցքում» տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով մեր քաղաքացիների երթևեկի վերաբերյալ որոշումը»:

Հայտարարության մեջ հղում է կատարված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ս.թ. փետրվարի 23-ի ելույթին, որում նա, մասնավորապես, ասել էր, որ «շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության»:

«Հունիսի 4-ից սկսած՝ Արցախի իշխանությունների կազմակերպմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ և ուղեկցությամբ, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը անթույլատրելի է համարում որևէ կարմիր գծի խախտում: Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները Շարժումը համարում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արցախի անվտանգության և զարգացման ճակատը, իր հազարավոր համակիրների անունից, Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում է՝

- անհապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով մեր քաղաքացիների երթեւեկի վերաբերյալ որոշումը:

- զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երեւույթից:

Անընդունելի համարելով այս իրողությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արցախի հանրային շրջանակներում առկա բազմաթիվ հարցերն այս իրադարձությունների վերաբերյալ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդն առաջիկայում հանդիպում է ունենալու Արցախի Հանրապետության նախագահի հետ՝ իրավիճակի վերաբերյալ բացատրություններ ստանալու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր