ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ալեքսանդր Թամանյանը փորձում էր փրկել Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին
23:36, 06.06.2023 | mamul.am
3923 | 0

Հայտնի է, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո, ստալինյան հակակրոնական քարոզչության և բռնաճնշումների տարիներին, Երևանում և Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում քանդվել են բազմաթիվ եկեղեցիներ։ Երևանի քաղխորհուրդը 1931 թ-ին նաև որոշում է կայացնում քաղաքի կենտրոնում վեր խոյացող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու քանդման մասին, որի տեղում պետք է կառուցվեր կինոթատրոնի շենք։

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու քանդման աշխատանքը

Թեև Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցին թվագրվում է 17-րդ դարով, սակայն քչերը գիտեն, որ եկեղեցու քանդման ժամանակ շենքի հիմքերից հայտնաբերվել են ավելի հին եկեղեցու հետքեր, իսկ պատերի որմնանկարների շերտերի տակ ավելի հին որմնանկարների պատկերներ, ինչը թույլ է տվել ենթադրել, որ եկեղեցին ոչ թե 17-րդ դարում է կառուցվել, այլ ավելի վաղ։
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկար

Հետաքրքիր է, որ 1920-30 ական թվականներին, երբ իրականացվում էին եկեղեցու քանդման աշխատանքները և երբ եկեղեցու պատերին բացահայտվեցին հիմնաշերտի տակ պահված որմնանկարները, մեծ իրարանցում տեղի ունեցավ մասնագետների շրջանում։
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկար
Հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Թամանյանը և Աշխարհաբեկ Քալանթարն սկսեցին պայքարել շենքը փրկելու ուղղությամբ։ Նրանք բազմաթիվ զեկուցագրեր, նամակներ էին հղում այն ժամանակվա պետական այրերին՝ մասնավորապես Լուսժողկողմի ղեկավարին, պահանջելով և հորդորելով փրկել հուշարձանը, քանի որ, ինչպես իրենք են նշում, բացահայտված որմնանկարներն ուսումնասիրելու համար բավականին ժամանակ էր անհրաժեշտ։ Սկզբնական շրջանում որոշում է կայացվում պահել շենքի այն պատերը, որոնց վրա կային որմնանկարներ, և մինչև 1939 թվականը որմնանկարակիր պատերը մնացել էին կանգուն։
Սբ Բարդուղիմեոսի որմնանկարը
Սակայն քանի որ այս վայրում նոր շենք կառուցելու որոշումը արդեն կայացվել էր, և շենքը կառուցվում էր, 1939 թվականին Կիևից հրավիրվեց մասնագետ, որը պետք է ուսումնասիրեր և զբաղվեր որմնանկարների տեղահանությամբ։ Այսօր որմնանկարներից որոշները պահվում են Երևանի պատմության թանգարանում և Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում։
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկար

Եկեղեցու տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնը, որի բացումը տեղի է ունեցել «Պեպո» առաջին հնչյունային ֆիլմի ցուցադրմամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր