ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը ձերբակալվել է
17:30, 08.06.2023 | mamul.am
2927 | 0

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:

Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը՝ Ա. Մ-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք:

Այնուհետև Շիրակի պետական համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում կեղծ տվյալներ են ներառել՝ ուսանողների կողմից քննությունները և մագիստրոսական թեզերը դրական ստանալու և պաշտպանելու վերաբերյալ:

2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Մ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր