ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում»․ Վեհափառի պատգամը եկեղեցականներին
18:43, 09.06.2023 | mamul.am
1951 | 0

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է. «Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, թեմակալ առաջնորդների և Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների հետ ներկա գտնվեց Սուրբ Էջմիածնում ընթացող Միաբանական համագումարի նիստին: Հավաքին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից և եկեղեցական կառույցներից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վարդապետներ ու աբեղաներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություններից:

«Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում»․ Վեհափառի պատգամը եկեղեցականներին

Միասնական Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն և միաբանական համագումարի ատենապետ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համաբարձումյանը։ Հայր Սուրբն իր խոսքում ներկայացրեց համագումարի մասնակիցների հովվական երկօրյա այցը Գեղարքունիքի և Տավուշի թեմեր։ Հայր Գարեգինն ի մասնավորի կարևորեց միաբան հայրերի այցը սահմանամերձ տարբեր համայնքներ, հանդիպումներն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների, բազմազավակ ու Արցախից տեղահանված ընտանիքներին։

Ապա համագումարի մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն ուրախությամբ ողջունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքի, Սուրբ Էջմիածնում համախմբված Մայր Աթոռի միաբանների և Նվիրապետական Աթոռներից ժամանած եկեղեցականների ներկայությունը համագումարին՝ ընդգծելով, որ նման հավաքները կարևոր առիթներ են հոգով զորացման և ուխտի նորոգության համար, ինչպես նաև արծարծելու Հայ Եկեղեցուն, եկեղեցականներին ու հավատացյալներին հուզող խնդիրները։

«Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ համագումարն անց է կացվում Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1720-ամյակի տարում՝ «Էջմիածինը որպես առաքելություն» խորհրդանշական կարգախոսի ներքո։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի էջքով Սուրբ Էջմիածինը Աստծո առանձնահատուկ օրհնություն ու երկնային պարգև դարձավ մեր ժողովրդի կյանքում։ Սուրբ Էջմիածնի խորհուրդը գեղեցկորեն բանաձևել է պատմիչը՝ ասելով. «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի ամենայն ազգն Հայոց կապեալ կայ»։ Սուրբ Էջմիածինը նաև դուք եք, նրա առաքելությունը ձեր ծառայությունն է հայրենիքում և աշխարհի տարբեր կողմերում։ Տիրոջով ու ձեր արդյունավոր սպասավորությամբ որքան զորավոր եք դուք, այնքան զորավոր է և Սուրբ Էջմիածինը»,-ասաց Վեհափառ Հայրապետը՝ ընդգծելով, որ ինչքան արգասալի և աշխույժ է միաբանների հովվական, վարչական, հոգեմտավոր ծառայությունը, այնքան ամուր և անսասան է Սուրբ Էջմիածնի առաքելությունը ժողովրդի կյանքում։

«Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում»․ Վեհափառի պատգամը եկեղեցականներին

Ազգի ու հայրենիքի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների պայմաններում Հայոց Հայրապետն անհրաժեշտ նկատեց առավել արթուն ու պատասխանատու սպասավորության իրագործումը, որպեսզի Եկեղեցին միշտ վառ պահի հավատքի ջահը և պահպանի ու պաշտպանի հայ ժողովրդին գլուխ բարձրացնող վտանգներից ու սպառնալիքներից։

«Այս իրողությունների լույսի ներքո մենք պետք է սահմանենք և որոշակիացնենք մեր Սուրբ Եկեղեցու տերունապատվեր ծառայության առաջնահերթությունները՝ իրենց ուղղություններով, ծրագրերով ու անելիքներով, և լայն ժամանակաշրջանի նախատեսումով հաստատենք մշակված ռազմավարություն՝ արձանագրելով հովվական գործունեության տեսլականն ու ակնկալվող արդյունքները հոգևոր, կրթական, մշակութային, հասարակական ոլորտներում, ինչպես նաև նորօրյա ընկալումներով Աստծո խոսքը, հոգևոր արժեքների քարոզչությունն առավել մատչելի և հասանելի դարձնենք մեր Սուրբ Եկեղեցու զավակներին»,-նշեց Նորին Սրբությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ արձանագրեց, որ Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում՝ փորձելով նվազեցնել հայ ժողովրդի կյանքում Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականի բարերար ազդեցությունն ու գործունեությունը և տկարացնել ժողովրդի միասնության, միաբանության ու ազգային ինքնության պահապան ավանդական կառույցը: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հորդորեց եկեղեցականներին լինել նախանձախնդիր իրենց խոսքի, գործի ու քայլերի մեջ, սրբագրել թերացումները՝ բարի օրինակ հանդիսանալով մարդկանց, հանապազ սեր և հոգատարություն դրսևորելով ժողովրդի հանդեպ։

Նորին Սրբությունն անդրադրաձավ նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա տարաձայնություններին, որոնք հետևանք են Եկեղեցու առաքելության վերաբերյալ իշխանությունների թյուր պատկերացումների, այլև հայրենական կյանքի տարաբնույթ մարտահրավերների հանդիման Եկեղեցու սկզբունքային դիրքորոշումների։ Այդ ծիրից ներս Հայոց Հայրապետը անընդունելի համարեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը դպրոցական ծրագրերից, որը կարևոր նպաստ էր մատաղ սերնդին համամարդկային հոգևոր արժեքների, քրիստոնեական հավատքի սկզբունքների, ազգային ինքնության և ինքնագիտակցության, մեր սրբազան ժառանգության վերաբերյալ գիտելիքների մատուցման կարևոր գործում։ «Հայրենաշինության, պետության բարօրության ու զորացման առաքելության մեջ մեր Սուրբ Եկեղեցին միշտ զորակից է իշխանություններին։ Սակայն մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին, հայրենիքին, համազգային շահերին վնասող գործընթացներին»,-հավելեց Վեհափառ Հայրապետը։

Հետպատերազմական դժվարին այս իրավիճակում Հայոց Հովվապետը հորդորեց հոգևորականներին շարունակական ջանքեր գործադրել պատերազմից տուժածների, զոհվածների, հաշմանդամ դարձած, գերեվարված ու անհայտ կորած հայորդիների ու նրանց ընտանիքների համար մատուցվող հոգեխնամ ու սոցիալական առաքելության մեջ։

«Մեր ժողովրդի ու հայրենիքի համար այս դժվարին պահին հրամայական է, որ սփյուռքի համայնքներում ամենքդ ավելի զորացնեք ձեր ջանքերը՝ հնարավոր բոլոր միջոցները գործադրելու պետական, դիվանագիտական, միջազգային և միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, արցախյան հիմնահարցի կարգավորման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Արցախում բնակվող մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման հիմնախնդիրները, որպեսզի ի զորու լինենք մեր երկրին պատուհասած փորձություններին դիմակայելու և հայրենաշահ լուծումներ գտնելու։

«Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում»․ Վեհափառի պատգամը եկեղեցականներին

․․․Եկեղեցին չունի որևէ այլ շահ, քան այն, որ բխում է Աստծո հանդեպ, հայրենիքի և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունից։ Եկեղեցու առաքելության հիմնական նպատակը մարդն է ու նրա հոգու փրկությունը և փրկարար այդ ծառայության հետ մեկտեղ՝ ազգապահպանությունն ու հայրենի երկրի զորացմանը ծառայելը։ Արդ, հարկ է հստակ պահել տեսլականը, թե ինչպիսի հավատացյալ հայորդի, ինչպիսի հայ մարդ ենք ցանկանում կրթել ու դաստիարակել, որպեսզի հոգևորականի խոսքն ու անելիքը միտված լինեն այդ հիմնական գործին։ Մարդու կյանքում միայն հավատքի վերացական առկայությունը բավական չէ, այլ մեր Սուրբ Եկեղեցու առաքելությամբ պետք է շարունակենք կերտել աստվածասեր, հայրենանվեր ու ազգանվեր նկարագրով հայ մարդ՝ կրողը մեր նախնյաց ավանդների ու ժառանգության»,-եզրափակեց Նորին Սրբությունը՝ բարեմաղթելով միաբան հայրերին իրենց հոգևոր սպասավորության մեջ Տիրոջ զորակցությունը։

Միաբանական հավաքի մասնակիցներին ողջունեց ու իր բարեմաղթանքները փոխանցեց նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Այնուհետև համագումարը շարունակեց իր աշխատանքները, որի ընթացքում մասնակիցներին ողջունեցին նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները:

Զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը («Նախաշավիղ Հայ Եկեղեցու սոցիալական ուսմունքի» թեմայով) և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը («Հայաստանյայց Եկեղեցին միջեկեղեցական հարթակներում» թեմայով), որից հետո տեղի ունեցան խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, զեկուցված թեմաների շուրջ ելույթներ։

Հունիսի 10-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Ելն ի վիրապէն» տոնի օրը միաբանական հավաքի մասնակիցները Խոր Վիրապի վանքում կմասնակցեն Սուրբ Պատարագին և Անդաստանի արարողությանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր