Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ: Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի, հատկացվել է թվով 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով: Կառավարությունը նախատեսում է նաև կազմակերպված եղանակով տրամադրել վառելիք: Հաշվի առնելով բնակչության կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտները՝ կոչ ենք անում խուսափել խուճապային տրամադրություններից, անկարգապահության, բռնության և հանցավոր երևույթներից, ցուցաբերել զսպվածություն և օրինապահպանություն: Տեղեկացնում ենք, որ գործընթացն իրավապահ մարմինների շուրջօրյա հսկողության տակ է, և վերջիններս կանխարգելման աշխատանքներ տանելու հանձնարարական ունեն»: |