ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +7 °C Վաղը`+7 °C
Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը կամրապնդվի․ ՆԳ նախարարները փաստաթղթեր են ստորագրել
20:18, 25.09.2023 | mamul.am
4313 | 2

Սեպտեմբերի 25-ին, ինչպես հայտնել ենք, երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ։ «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցում էին ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի և ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունները:

Նիստին ներկա էր նաև ԱՊՀ մասնակից երկրների տարածքում Կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը։

Վահե Ղազարյանը բացման խոսքում ընդգծել է, որ երկու նախարարությունների Միավորված կոլեգիան շարունակում է կարևոր մեխանիզմ լինել հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացման գործում: Կոլեգիայի նիստերում քննության առարկա են դառնում կողմերին հետաքրքրող բոլոր հարցերն ու խնդիրները, համատեղ մշակվում են կոնկրետ քայլեր` երկու պետություններում քրեածին իրավիճակի բարելավման, ինչպես նաև ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ:

Ելույթի ավարտին Վահե Ղազարյանը հույս է հայտնել, որ Միավորված կոլեգիայի երևանյան նիստում կայացված որոշումները նոր մակարդակի կբարձրացնեն երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը:

Միավորված կոլեգիայի նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Նա շնորհավորել է հայկական կողմին Անկախության տոնի առթիվ և խոսել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում երկու իրավապահ կառույցների համագործակցության, իրականացված աշխատանքի և նախատեսվող միջոցառումների մասին։

Ելույթից հետո նիստի մասնակիցներն անցել են առաջադրված խնդիրների քննարկմանը:

Օրակարգում հետևյալ հարցերն էին:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների համագործակցությունը նախաքննությունից և արդարադատությունից թաքնվող հանցագործների հետախուզման, անհետ կորած քաղաքացիների որոնման, դիակների նույնականացման ոլորտում և այդ ուղղությամբ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացումը:

Փոխգործակցության հեռանկարները ՌԴ և ՀՀ ներքին գործերի մարմինների կադրերի պատրաստման և գործունեության գիտական ապահովման բնագավառում:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների Միավորված կոլեգիայի 2025 թվականի աշխատանքի պլանի նախագծի մասին:

Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՌԴ և ՀՀ ՆԳ նախարարությունների համապատասխան կառույցների պատասխանատուները:

Հարցերի առարկայական քննարկումից հետո ընդունվել են կոնկրետ որոշումներ:

Նիստը եզրափակիչ ելույթներով ամփոփել են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Ավարտին ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր