ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... +10 °C Վաղը`+10 °C
«Ենթադրվում է, որ այդ մասին կհայտարարվի սեպտեմբերի 27-ին»․ Արման Աբովյան
14:00, 26.09.2023 | mamul.am
37012 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում իրավիճակը լարված է։
Մարդիկ զանգվածաբար լքում են Արցախը, ճանապարհներին խցանումներ են։
Այս ժամին արդեն մոտ 15000 արցախցիներ են մուտք գործել Հայաստան, բայց պոտենցիալ փախստականների թիվը կազմում է առնվազն հարյուր հազար մարդ։
Զուգահեռաբար, ըստ մամուլի հրապարակումների, Արցախի իշխանությունների առջև պայման է դրված իշխանության պետական ինստիտուտները լուծարելու մասին, Այսինքն՝ փաստացի Ադրբեջանը ձգտում է առաջիկա օրերին դե յուրե ամրագրել Արցախի օկուպացիան:
Ենթադրվում է, որ այդ մասին կհայտարարվի 44-օրյա պատերազմի տարելիցին, այսինքն ՝ սեպտեմբերի 27-ին։
Փոխարենը ադրբեջանցիները կհայտարարեն համաներման մասին, այսինքն՝ պայմաններ ստեղծելու, որպեսզի Արցախի պաշտպանության տարբեր տարիների մասնակիցները կարողանան հասնել Հայաստան։
Խորանում է իրավիճակը Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի հետևանքով վիրավորների և զոհերի հետ կապված տեղեկությունները հստակ չեն։
Զոհերի և վիրավորների մասին դեռևս հստակ տվյալներ չկան, մի քանի տասնյակ զոհվածների և մոտ երեքհարյուր վիրավորներ։ Ստեփանակերտի հիվանդանոցում դեղորայքը շատ քիչ է։
Ամենայն հավանականությամբ թուրք-ադրբեջանական օկուպանտները կփորձեն օգտագործել իրավիճակը և կհայտարարեն ալիևյան ռեժիմի կողմից վերահսկվող հիվանդանոցներում վիրավորներին ընդունելու պատրաստակամության մասին։
Թուրք-ադրբեջանական օկուպանտները Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգությունը դիտարկում են որպես իրենց «հումանիստ» դրսևորելու հիանալի առիթ:
Թուրք-ադրբեջանական զավթիչների վայրագությունների մասին հարյուրավոր տեսագրությունների ֆոնին ադրբեջանցիների «հայերին օգնելու» այս քայլը դիտարկվում է որպես արդյունավետ PR քայլ։
Սուր է մնում սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ուժերի ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող հարյուրավոր մարդկանց հարցը:
Արցախի շատ գյուղեր և համայնքներ շրջափակված են օկուպանտների կողմից և որոնողական աշխատանքներ իրականացնել հնարավոր չի։
Զուգահեռաբար բազմապատկվում են թուրք-ադրբեջանական օկուպանտների զանգվածային սպանությունների ու վայրագությունների մասին լուրերը իրավիճակի վերջին սրման ժամանակ։
Դրա հետ մեկտեղ օկուպացված Նախիջևանում տեղի ունեցավ Ալիև-Էրդողան հանդիպումը, որտեղ կրկին հայտարարվեց Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին։
Բաքվում երեկ այդ երկրի խորհրդարանում լսումներ են անցկացվել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, որտեղ կրկին պահանջներ են հնչել Հայաստանի տարածքի նկատմամբ:
Անշուշտ, իրավիճակն ամենածանրն է, քանի որ ակտիվ իրավական նախապատրաստություն է ընթանում եկվոր թյուրքական ցեղերի ներկայացուցիչների՝ Հայաստանի տարածք ներխուժման կամ վերաբնակեցման համար։
Այս ֆոնին ընթանում է Հայաստանը Եվրասիական (ռուս-իրանական) վեկտորից դեպի Արևմտյան (ԱՄՆ՝ թուրքական) ուղղությամբ ակտիվորեն բաժանելու գործընթացը ։
Հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում իսպանական Գրանադայում, որտեղ, ինչպես ենթադրվում է, կպատրաստվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի տարբերակի սևագիրը:
Միանգամից վերապահում անենք, որ «խաղաղության պայմանագիրը», ըստ էության, լինելու է Հայաստանի ռազմավարական տարածքների անեքսիայի մեղմ տարբերակ՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի անվան տակ և Հայաստանի հետագա ոչնչացման համար փաստաթղթային հիմք։
Իհարկե, իշխանությունը մեզ ճիշտ հակառակն է ասելու, և Հայաստանի վերջնական հանձնման փաստաթուղթը ներկայացվելու է որպես «խաղաղության ճանապարհ», բայց իրականությունը դրանից չի փոխվելու, և «խաղաղության ճանապարհն» անխուսափելիորեն դառնալու է քայլ դեպի անդունդ»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր