ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+9 °C
«Ադրբեջանի վերաբերմունքն ԱՄՆ-ի հանդեպ կտրուկ փոխվել է». Տաթևիկ Հայրապետյան
01:24, 22.11.2023 | mamul.am
3111 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ։ Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է․ «ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։ ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում հեղինակության կորստի։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողվել է։ Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հանդեպ տարվող քաղաքականությունը։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, միշտ վճռական է արձագանքելու բոլոր բացասական քայլերին»։

Սա առաջին անգամը չէ, որ բռնապետական Ադրբեջանը իրեն թույլ է տալիս նման կերպ խոսել Միացյալ Նահանգների հետ։ Արցախում էթնիկ զտում իրագործելուց հետո Ադրբեջանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ կտրուկ փոխվել է։ Իմ համոզումն այն է, որ Ադրբեջանը որևէ թուղթ չի ցանկանում ստորագրել, չի պատրաստվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ճիշտ հակառակը՝ հիմա ժամանակավոր դադար է վերցրել՝ իր հետագա ագրեսիվ քայլերը պլանավորելու համար։ Իսկ ԱՄՆ-ն ու Արևմուտքը հույս ունեին, որ Ադրբեջանը գալու է և այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր» ստորագրի Արցախի հարցը փակելուց հետո։

Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատականների բացակայության պարագայում էլ Բաքվի բռնապետը իրեն թույլ է տալիս արևմտյան գործընկերների հետ խոսել սպառնալիքների լեզվով, քանի որ ինքը կարողացավ մարսել և՛ իր ագրեսիվ քայլերը, և՛ էթնիկ զտումը։ Դա Ադրբեջանին չէր հաջողվի, եթե ՀՀ-ում գործեր կոմպետենտ ու պետական շահը սպասարկող իշխանությունը, բայց քանի որ դա դեռևս չունենք, ուստի Ադրբեջանը գնաց հենց շարունակական ագրեսիայի ճանապարհով։

Հիմա էլ՝ անգամ այս բարդ իրավիճակում ՀՀ-ն ունի հնարավորություններ թե՛ Արցախի հիմնահարցը վերահասցեավորելու, թե՛ ՀՀ անվտանգային հարցերին ավելի համալիր լուծումներ տալու տեսանկյունից։ Բայց կրկնում եմ, դա հնարավոր է միայն տեսլական ունեցող ու պրոֆեսիոնալ թիմի պարագայում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր