ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-5 °C, -5 °C ... +8 °C Վաղը`+9 °C
«Լավ է զբաղվել նրանցով, ովքեր պետական փողերը միլիարդավոր դրամներով տրամադրում են մասնավոր ընկերությունների». Հակոբ Բադալյան
00:24, 28.11.2023 | mamul.am
1649 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել մանկապարտեզներում սննդի մատակարարման գործով յուրացումներ թույլ տված հանցավոր խումբ բացահայտելու մասին: Կեցցե ԱԱԾ-ն, որ բացահայտել է այդ խմբին, բայց գործը մատուցվում է այնպիսի «հանդիսավորությամբ»՝ այդ թվում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերով, կարծես բացահայտվել է Հայաստան ներթափանցած դիվերսիոն մի հրոսակախումբ:
Կրկնեմ, շատ կարևոր է հանցագործության բացահայտումը:
Դատելով ԱԱԾ հաղորդագրությունից` խոսքը, կարծես թե, մոտ 22 միլիոն դրամի չմատակարարված ապրանքի մասին է: Ընդ որում, ըստ ամենայնի, գործել է մի պարզ սխեմա՝ որոշ մանկապարտեզներ ներկայացնում են շատ ավելի մեծ թվով երեխաների ցանկ, քան իրականում, բնականաբար «դուրս է գրվում» ավելի շատ փող, բայց մատակարարվում է ավելի քիչ ապրանք՝ իրական երեխաների թվին համարժեք:
Չեմ կարող պնդել, բայց, կարծես թե որևէ ծնող չի դժգոհում մանկապարտեզներում սննդի քանակից ու որակից: Ավելին, այդպիսի դժգոհություն ավելի շատ եղել է մասնավոր մանկապարտեզներից, քան այսպես ասած «պետական»՝ համայնքային:
Հետևաբար, գողացել են ոչ թե անմիջապես երեխաներից, այլ՝ համայնքից: Ըստ այդմ, գուցե արժե առնվազն մինչև գործի քննության ավարտ ձեռնպահ մնալ «մանուկներից գողանալու» վերաբերյալ սրտառուչ սոցցանցային գրառումներով էժանագին քարոզչական միավոր հավաքելու աշխատանքից:
Կրկնեմ, ընդգծեմ, որ գրառումս ոչ թե հանցագործության համար կասկածվողներին կամ մեղադրվողներին «պաշտպանելու», կամ հանցանքի աստիճանը նվազեցնելու, այլ պարզապես այդօրինակ տեղեկությունների վրա անձական կամ քաղաքական PR չանելու մասին է:
Եվ դրա փոխարեն ավելի լավ է զբաղվել նրանով և նրանցով, ովքեր պետական փողերը հարյուրավոր կամ միլիարդավոր դրամներով տրամադրում են մասնավոր ընկերությունների, այն էլ «անմրցակից» ոլորտների, իսկ հանրությանը այդ առնչությամբ չեն ներկայացնում որևէ հանգամանալից հաշվետվություն»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր