ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +2 °C ... +9 °C Վաղը`+6 °C
Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
09:48, 28.11.2023 | mamul.am
1641 | 0

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է նոյեմբերի 27-ին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առանձին հեռախոսազրույցների մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը։ Ըստ հաղորդագրության՝ «պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը», քանի որ Վաշինգթոնն աջակցում է վերջինիս՝ բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի վերաբերյալ տեսլականին։

Իր հերթին, պետքարտուղարության խոսնակի հաղորդագրության համաձայն, նույն օրը պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու նախագահ Ալիևի հանձնառությունը։ Պետքարտուղարը գիտակցում է այն ողջ տառապանքը, որ այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, և ընդգծել այն օգուտները, որոնք խաղաղությունը կբերի բոլորին տարածաշրջանում: Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ մեր [ԱՄՆ-ի] ամուր հարաբերությունները, մատնանշել հարաբերություններում առկա վերջին շրջանի մտահոգիչ դրույթները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, և բարձր մակարդակով ներգրավվածության կարևորության մասին»,- ասված է պետքարտուղարության խոսնակի անունից տարածված հաղորդագրության մեջ, որը փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր